Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադամս» ընկերությունը ոստիկանությա՞ն միջոցով է ճնշում սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվող անձանց

Օգոստոս 27,2014 17:48

Հայտնի է, որ համացանցի զարգացմանը զուգընթաց՝ էականորեն նվազել են տեսասկավառակների և ձայնասկավառակների վաճառքի ծավալները, որովհետև այն, ինչ սկավառակների վրա ամրագրված վաճառվում է (ֆիլմեր, երաժշտական հոլովակներ և այլն), անվճար առկա է համացանցում:

Սա մտահոգում է ինչպես սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվող անձանց, այնպես էլ սկավառակ արտադրող ընկերություններին:

Սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվող Աշոտ Մաթևոսյանը, Աննա Մարտիրոսյանը և Գեղամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց դժգոհությունը հայտնեցին սկավառակներ արտադրող «Ադամս» ՍՊԸ-ից, որը, նրանց խոսքով, որպեսզի կարողանա իր վաճառքի ծավալները մեծացնել, նրանց նկատմամբ տարբեր ճնշումներ (այդ թվում՝ նաև ՀՀ ոստիկանության միջոցով) է գործադրում, որպեսզի վերավաճառելու համար այս մարդիկ հենց իրենից գնեն սկավառակները. ««Ադամս» ՍՊԸ-ն Ոստիկանության տարբեր բաժանմունքներ հաղորդում է ներկայացրել, թե, իբր, վերը նշված անձինք իր արտադրանքը՝ սկավառակները, ապօրինի են վաճառում:

Ոստիկանության աշխատակիցները եկել են վաճառակետեր, որպեսզի դիտում իրականացնեն և որոշ վաճառակետերից սկավառակները վերցրել-տարել են»,- պատմում է տուժած կրպակատերերի՝ Ա. Մաթևոսյանի, Ա. Մարտիրոսյանի, Գ. Կարապետյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը:

Փաստաբանը դժգոհում է, որ ընթացակարգը չի պահպանվել ոստիկանության աշխատակիցների կողմից. «Ինչպե՞ս եղավ, որ սկավառակները վերցվեցին վաճառակետերից՝ առանց համապատասխան որոշման, այն էլ այն դեպքում, երբ վաճառակետն իրենից մի փոքր կրպակ է ներկայացնում, որը հանդիսանում է անձնական սենյակ, իսկ դա օրենքով համարվում է բնակելի տարածք, որի խուզարկությունն ու այնտեղից ինչ-որ իրի առգրավումը թույլատրելի է բացառապես դատարանի որոշմամբ: Ինչպե՞ս եղավ, որ առանց դատարանի որոշման եկան ու առգրավեցին այդ սկավառակները: Ընդ որում, ոստիկանության մի բաժնի կողմից առգրավումը կատարվել է դատարանի որոշման հիման վրա, մեկ այլ բաժնի կողմից՝ ուղղակի՝ գալ-վերցնել-տանելով»,- ասում է Տ. Մուրադյանը:

Նրա խոսքով՝ առգրավումը կատարվել է «Ադամս» ընկերության ներկայացուցչի ցուցումով. «Նա ցույց է տվել, որ այս, այս, այս սկավառակն ընկերությանն է պատկանում, ոստիկանության աշխատակիցն էլ վերցրել է՝ առանց համապատասխան փաստաթղթերով համոզվելու՝ այս կամ այն սկավառակը ա՞յդ ընկերությանն է պատկանում, թե՞ ոչ,- ասում է փաստաբանը,- արդյունքում՝ առգրավվել են մեծ թվով սկավառակներ, որի հետևանքով այս մարդկանց կրպակները, փաստացի, փակվել են, իսկ դրա հաշվին «Ադամս»-ի արտադրանքի ծավալները մեծացել են: Ոստիկանության միջոցով այս մարդկանց գործունեությունը փաստացի դադարեցնելու միջոցով «Ադամս»-ը, տրամաբանորեն, ձեռք է բերել այն գնորդներին, որոնք նրանցից սկավառակներ կգնեին»:

Տ. Մուրադյանն ասաց, որ իրենք դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, թե «Ադամս» ընկերությանը չպատկանող քանի սկավառակ է տարվել նույն ընկերության ներկայացուցչի ցուցումով:

Փաստաբանն ասաց նաև, որ ոստիկանությանն էլ դիմում են ներկայացրել փոխհատուցման հետ կապված. «Դիմումի մեջ ասված է, որ եթե տևական ժամանակով եք վերցնում այս մարդկանց ապրանքը, փաստացի զրկում եք նրանց իրենց աշխատանքից, իրենց շատ փոքր եկամտից, բայց որևէ արձագանք չենք ստացել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ արդեն երկու ամիս է, ինչ Ա. Մարտիրոսյանի կրպակից մոտ 139, Գ. Կարապետյանի կրպակից՝ 156, իսկ Ա. Մաթևոսյանի կրպակից՝ 886 սկավառակ են տարել և դեռևս չեն որոշել, թե դրանք ում են պատկանում:

Ա. Մաթևոսյանն էլ վրդովված պատմեց, թե ինչպես են իր կրպակից առգրավել սկավառակները. «Երկու ամսվա մեջ երեք անգամ ինձ տարբեր քննիչներ են մոտենում, ասում են՝ պիտի սկավառակները տանենք: Ես հարցնում եմ՝ թուղթ ունե՞ք, իրավունք ունե՞ք սկավառակները վերցնելու: Ասում են՝ չէ, ոչ մի թուղթ չունենք: Հարցնում եմ՝ ունե՞ք ծանուցագիր, ասում է՝ քեզ չի հասնում ծանուցագիր, քոնը քրեական գործ չէ: Դրանից երեք օր հետո ծանուցագիր են բերում: Բա ո՞նց չէր հասնում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031