Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պահանջը ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության լիարժեք իրագործումն է. Ա. Աշոտյան

Օգոստոս 27,2014 16:24

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն անդրադառնալով ավագ դպրոցներում առկա խնդիրներին՝ նշել է, որ hանրապետությունում ավագ դպրոցների մատուցած կրթական ծառայության որակն այս պահին չի բավարարում հանրային ակնկալիքը, թեպետ ակնհայտ է, նաև, որ հանրապետությունում կան նաև լավ աշխատող, կայացած ավագ դպրոցներ: Նախարարն ընդգծել է, որ կրթական բարեփոխումների այն ճանապարհը, որն ընտրվել է, ճիշտ էր և 12-ամյա կրթության համակարգն ու ավագ դպրոցի գոյությունը հետադարձ չունի. “Վստահաբար մեր կրթական համակարգին անհրաժեշտ է ավագ դպրոցի գոյությունը, այլ հարց, որ կայացման ընթացքը չի բավարարում և՛ մեր հասարակությանը և ինձ, իբրև կրթության ոլորտի պատասխանատու. “Ավագ դպրոցները շատ տարբեր են. մենք ունենք ավագ դպրոցներ, որոնք, ցավոք, հեռու են իրենց ուսումնառության կազմակերպման մակարդակով և որակով այն տեսլականից, որ դրված է մեր քաղաքականության հիմքում, թեպետ դրանց կողքին ունենք նաև դպրոցներ, որոնք կարողանում են թողարկել փայլուն շրջանավարտներ, ովքեր միջազգային և հանրապետական օլիմպիադաների հաղթողներ են դառնում:

Բայց դա բավարար չէ, և մեր պահանջներն ու ակնկալիքներն ավագ դպրոցից ավելի մեծ ու հավակնոտ են և մենք մրցունակ կրթության պահանջ ենք դնում բոլոր ավագ դպրոցների առջև”,- դիմելով տնօրեններին հայտարարել է Ա. Աշոտյանը հավելելով, որ վերջին տարիներին ավագ դպրոցների գործունեությունը եղել է պետության ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին՝ նախարարը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերից առանձնացրել է հատկապես ավագ դպրոցում աշակերտների հաճախելիության խնդիրը՝ ընդգծելով, որ կարգապահության վերահսկողությունը առաջնային է լինելու. “Նախորդ ուսումնական տարվա ընթացքում մի քանի ավագ դպրոցի տնօրեններ ազատվել են աշխատանքից, ես այդ մասին դեռևս նախորդ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ էի զգուշացրել,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է նախարարը և շարունակել,- Այս քաղաքականությունը շարունակվելու և ընդլայնվելու է: Իբրև նախարար՝ ավագ դպրոցներից մեր պահանջը հետևյալն է. ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության ամբողջական և լիարժեք իրագործում: Սա վերաբերում է ինչպես կադրային քաղաքականությանը, ուսուցչական անձնակազմի համալրման և պահպանման քաղաքականությանը, այնպես էլ կրթական գործընթացի կազմակերպմանը: Գաղտնիք չէ, որ ծնողների մի ստվար զանգված, հատկապես մայրաքաղաքում շահագրգիռ է, որ երեխան վերջին տարվա ընթացքում չգնա դպրոց, այլ հաճախի կրկնուսույցի մոտ: Այս երևույթի դեմ շատ դժվար է պայքարել, որովհետև մեր և այդ ծնողների՝ երեխայի կրթություն ստանալու ընկալումները տարբերվում են: Այսօր կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու պարտադիր պահանջ չէ այլևս. շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը և կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Այդ մասին է փաստում նաև բարձր միավորներով բուհեր ընդունված ուսանողական համակազմի վերլուծությունը. նրանց մեջ շատ են հատկապես մարզերի դիմորդները, որտեղ չկան ակադեմիական տիտղոսներ ունեցող կրկնուսույցներ”,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ տարվա ընթացքում լինելու են անակնկալ այցեր ավագ դպրոցներ, և բացակայությունների նկատմամբ լինելու է կտրուկ մոտեցում: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ քոլեջներից դեպի բուհ անցման կարգում կատարվել է օրենսդրական փոփոխություն. քոլեջից բուհ տեղափոխվելը առկա համակարգում վերացվել է՝ քոլեջների շրջանավարտները կրթությունը կարող են շարունակել միայն բուհերի հեռակա բաժիններում: Անդրադառնալով ավագ դպրոցների շենքային պայմաններին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է ավագ դպրոցների նորոգում և գույքային համալրում: Հանրապետությունում կձևավորվեն նաև կապիտալ նորոգված և արդիական դպրոցի բոլոր պահանջներին համապատասխան 17 ավագ դպրոցներ՝ յուրաքանչյուր մարզում մեկական և ևս մի քանիսը Երևանում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի ու “Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ մշակում է ռազմահայրենսաիրական դաստիարակության նոր հայեցակարգ, որը նպատակ ունի բարձրացնել ռազմահայրենասիրական կրթության դերը:
Խորհրդակցության ավարտին նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են սովորողների բացակայություններին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը, ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրմանը և բազմաթիվ այլ խնդիրների:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031