«Վերջերս «օգոստոսյան պատերազմները» մեզ կարողացան համախմբել, կանգնել զինվորի կողքին, եւ դա մեծ հպարտության զգացում էր եղել, հնարավոր չէ նկարագրել: Անցած մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում ունեցանք 6 զոհ,Սյունիքից 6 երիտասարդ է զոհվել սահմանում եւ դա խոսում է այն մասին, որ իրականում սյունեցու զինվորական ոգով ու պատվախնդրությամբ մենք կարողանում ենք իսկապես ապրել, ստեղծագործել եւ արարել: Կարծում եմ՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ այս ամենի հիմքը դպրոցն է, եւ պետք է հպարտանանք, որ մեր սերունդն իսկապես որակյալ է եւ կարողանում է կարեւորագույն պահերին իր արժանի կեցվածքով ներկայանալ մեզ»,- Սյունիքի մարզպետարանում կայացած օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ կարեւորեց դպրոցի դերը` համարելով այն սահմանում եւ առօրյա կյանքում գրանցված հաջողությունների գլխավոր գրավականը:
Սյունիքի մարզպետը նաեւ կարեւորեց միջին մասնագիտական արհեստագործական հաստատություններում անհրաժեշտ մասնագետների պատրաստման հարցը, քանի որ այսօր հանքարդյունաբերական Սյունիքում համապատասխան մասնագետների լուրջ խնդիր կա:
«Այս տարվա ընթացքում մեր նախարարի հետ իրականացրած համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք միջոցներ հայթայթել` շուրջ 350 մլն դրամ, Քաջարան քաղաքի միջին մասնագիտական արհեստագործական հաստատության հիմնանորոգման համար: Մեր մարզի հիմնական լոկոմոտիվը հանքարդյունաբերությունն է, եւ մենք այսօր միջին մասնագիտական աշխատողների լուրջ խնդիր ունենք», – ավելացրեց Վահե Հակոբյանը եւ նշեց, որ կատարած ուսումնասիրությունների արդյունքում՝ որոշել են նոր մասնագիտական ուղղություններ ավելացնել արհեստագործական հաստատությունում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ըստ բանակում չծառայած Սյունիքի ՀՀԿ-ական մուլտի-միլիոնատեր մարզպետ Հակոբյան Վահեի: Բանակում ծառայելուց հետո էդ զինվորները ու՞ ր պիտի գնան՝ օլիգարխային հանք, թե՞ խոպան ռուսաստան: