Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն քառյակի ուժերին մեղադրում է անկեղծ չլինելո՞ւ մեջ

Օգոստոս 27,2014 15:33

«Հանրահավաք անցկացնելու հարցի մասին նախնական պայմանավորվածություններ կան, բայց թե կոնկրետ ե՞րբ, ինչպե՞ս, արդեն քառյակի քննարկելու հարցն է: Երկկողմ ֆորմատում այդ հարցերին չենք անդրադարձել»,- այսօր ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով հարցին`արդեն հայտնի՞ է սեպտեմբերին, համատեղ հանրահավաք անցկացնելու օրը եւ տեղը:

Քառյակի հանդիպումը, ըստ Ռուստամյանի, կլինի հավանաբար սեպտեմբերի սկզբին:
Արմեն Ռուստամյանը հրաժարվեց գնահատել վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը. «Ես հիմա չեմ ուզում առաջ ընկնել: 12 կետ ենք սահմանել, գնահատման նախօրյակին չեմ ուզում կարծիք հայտնել: Կլինի քառյակի հանդիպումը, այդտեղ միասնական դիրքորոշում կունենանք»:

Երկու քաղաքական ուժեր`ՀԱԿ եւ «Ժառանգություն», հայտարարել են, որ իմաստ չեն տեսնում պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկել: ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այն կարծիքին են, որ պետք է պայքարը շարունակել: Լրագրողներից մեկի հարցին`հնարավո՞ր է տարաձայնությունները եւ սահմանադրական բարեփոխումների, եւ կուտակայինի մասով հանգեցնեն քառյակի պառակտման: «Քառյակը քառյակ է այնքանով, որ չորսը համաձայնվում են ինչ-որ մի բան անել: Բայց մնացած բոլոր հարցերում քաղաքական ուժերն ունեն իրենց տարբեր մոտեցումներն ու տեսակետները: Դա միշտ էլ հայտարարել ենք»:

Կոնկրետ սահմանադրական բարեփոխումների հետ կապված տարբերությունը, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, վաղուց էր հայտնի, քանզի ՀՅԴ-ն անկախությունից ի վեր հայտարարել է, որ կողմ է կառավարման խորհրդարանական ձեւին. «Մյուս քաղաքական ուժերը պիտի մտածեն`կողմ լինելով խորհրդարանական կառավարման համակարգին, այժմ ինչո՞ւ են համարում, որ հիմա դրա ժամանակը չի: Մանավանդ, առանց բովանդակությունը տեսնելու: Եթե դու հրաժարվում ես նրանից, որ իշխանության ձեւավորման կարգը եւ մյուս հարցերը, որոնք դառնում են թափանցիկ՝ դա արդեն նշանակում է, որ քեզ պետք է այդ աթոռը: Աթոռակռիվ է դառնում սա: Մեզ պետք չի, որ մեր երկիրը նորից աթոռակռվի զոհ դառնա: Աթոռից պետք է հրաժարվել, որ աթոռակռիվը վերանա»:

Արմեն Ռուստամյանն ասում է, որ քառյակի մյուս ուժերն են ՀՅԴ-ից առանձնանում, ոչ թե ՀՅԴ-ն եւ կարծիք հայտնեց, որ քառյակի մյուս ուժերն, ուրեմն, անկեղծ չեն`եթե պահանջում են մի բան ու դա բավարարվում է, ասում են`ոչ, հիմա մի բավարարի, երեք տարի հետո բավարարի: Ի դեպ, Արմեն Ռուստամյանն այն կարծիքին չէ, որ այս իշխանությունը ու նախագահը չեն կարող վերարտադրվել գործող համակարգով: «Այս համակարգը`թե սահմանադրական, թե ընտրական, լավագույնս ապահովում է իշխանությունների վերարտադրումը: Մենք այս համակարգը ուզում ենք թուլացնել, իրենք ասում են`հիմա չանենք, հետո անենք: Ինչ-որ հույս կա, քանի որ նախագահը գնացող է, իրենք կարող է գան, էդ աթոռից մի քիչ էլ իրե՞նք օգտվեն: Մենք նման մոտեցումը չենք կարող կիսել: Եթե հիմա չարեցին, տասը տարի ևս այս համակարգը չի փոխվի, որովհետեւ ամեն մի նոր եկած նախագահ, անկախ անձից, գայթակղվում է այն իշխանությամբ, որը որ ունի»,- ասաց Արմեն Ռուստամյանը`հավելելով, որ խնդիրը միայն այն չէ, որ վատ մարդիկ են իշխանության եղել, այլ նաեւ համակարգն է դա թույլ տվել: Իսկ բոլոր խնդիրները, որոնք կվկայակոչեն ընդդիմախոսները, Արմեն Ռուստամյանն ասում է, որ կարող են անցումային դրույթներով կարգավորել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031