Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրը՝ բնակելի տան գնով

Օգոստոս 27,2014 15:12

Համալիրի փաստաբանի և ներկայացուցիչների պնդմամբ՝ ԴԱՀԿ-ն համալիրի 1 ք/մ-ը գնահատել է Աջափնյակում բնակելի տան 1 ք/մ-ի արժեքով։ Այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ համալիրի մամուլի ու հասարակայնության կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանն անդրադարձավ այս խնդրին. «Նախ, իրականում գնահատում տեղի չի ունեցել.գնահատման համար մարդիկ գոնե պետք է տեսնեն շենքը: Գնահատողը մտել է շենք, համալիրի լույսերն անջատած ու սենյակների դռները փակ կես ժամ պտտվել է շենքում, դուրս է եկել ու գին որոշել: Նման մարդ գոյություն չունի, որը կարող է ՄՀՀ-ն կես ժամում պտտել՝բոլոր սենյակներով, դահլիճներով:

Երեք հնարավոր տարբերակ կա՝ ՄՀՀ-ն ու առհասարակ անշարժ գույքը գնահատելու համար. առաջինը ստանդարտ տարբերակն է՝ գիտեն, որ գոտում է անշարժ գույքը, եթե բնակարան է՝ որ հարկում է, սենյակների քանակը և այլն: Հաջորդ տարբերակը համեմատությունն է, բայց համալիրը բնակարանի հետ համեմատել չենք կարող, իսկ նմանատիպ այլ կառույց մենք չունենք: Երրորդ տարբերակը համապատասխան հանձնաժողով ստեղծելն է, որը կփորձի գնահատում կատարել, բայց նման հանձնաժողով նույնպես չի ստեղծվել»:

Կորյուն Գրիգորյանը նշեց, որ գնահատումը կատարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանին պատկանող կազմակերպությունը: Պատգամավորը երկար ժամանակ տնօրինել է Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» ընկերությունը և ըստ համալիրի կապերի բաժնի պատասխանատուի՝ ստացվում է, որ մի ընկերը գնահատում է, մյուսը՝ իրացնում. «47.000 ք/մ մակերես ունեցող Մարզահամերգային համալիրի 1 ք/մ-ի գինը մոտ հազար երկու հարյուր դոլար է: Բազմաբնակարանային շենքում առաստաղի բարձրությունը 2,75-3,20 մետր է, ՄՀՀ-ի մեծ դահլիճինը՝ 30 մետր: Շա՞տ նման են իրար, արդյոք կարելի՞ է ասել, որ սա նույն չափի կառույց է՝ ծավալային առումով: Եվ այստեղ էական չէ՝ Կենտրո՞ն համայնքի բնակարանի գնով են հաշվել, թե՞ Աջափնյակի: Պատմամշակութային կառույցը համեմատում են բնակարանի հետ, սա արդեն աբսուրդ է: Համալիրի իրական գինը 100-120 միլիոն դոլար է»:

Կորյուն Գրիգորյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պատրաստվում է Եվրադատարան դիմել. « Մենք վիճարկելու ենք ԴԱՀԿ գործունեությունը: Ներկա պահին ԴԱՀԿ աշխատակիցները հերթափոխում են համալիրում, և չնայած նրանց աշխատանքային ժամն ավարտվում է ութին, նրանք հերթափոխում են անգամ երեկոյան ութից հետո: Շենքի տարածքում հասարակական զուգարաններ են հայտնվել, գույքն այնպես են օգտագործում, ասես իրենց հոր բոստանում լինեն, մեր աշխատակիցներից ոչ մեկը երբևէ իրեն թույլ չի տվել նման վերաբերմունք: ԴԱՀԿ-ն էլ մեր հաշիվները սառեցրել է, հունվար ամսից աշխատավարձ չենք ստանում: Այս կառույցն ուղղակի վերածվել է խունտայի ու թքած ունի բոլորի վրա»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Լուսանկարը՝ analitik.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031