«Արարատյան դաշտավայրը ոռոգելու համար Արարատյան ավազանի ջրերը բավարար են: Երբ պաշտոնյաներն ասում են, որ իրենք մտածում են գյուղացիների մասին, դրա համար են Սեւանից ջրառ կատարում, թող չմտածեն, որ մենք այդքան միամիտ ենք»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով Սեւանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու կառավարության որոշման մասին, այսպիսի տեսակետ հայտնեց ջրաբան, անկախ փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը:
Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք զրուցել են գյուղացիների հետ եւ, արդյունքում՝ պարզ է դարձել, թե գյուղացիները բողոքում են, որ պակաս ջուր են ստանում. «Ազատավանից համարյա ամեն օր մեզ զանգում են եւ ասում, որ իրենց ջուր չի հասնում, խաղողի այգիները չորանում են, արտերը չորանում են: Մենք լծակներ չունենք ստուգելու, թե ուր է գնում Սեւանից բաց թողնված այդ ջուրը»:
Տիկին Հովհաննիսյանը նաեւ վստահ է, որ Սեւանի մակարդակը իջեցնում են միտումնավոր. «Դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ այն ջուրը, որ պիտի լցվի Սեւանա լիճ, մի մասը լցվում է Էղեգիս գետը, հետո նոր Սեւան: Մինչեւ տարվա վերջ մենք կունենանք 12 սմ իջեցում»: Բանախոսի պնդմամբ՝ եթե կառավարությունը պահանջում է 5 տարի անընդմեջ ավելացնել այդ բացթողումների քանակը, ապա, ամեն տարի 10-12 սմ իջեցնելով, հինգ տարի հետո կես մետրից ավելի իջեցում կլինի»:
Բանախոսը համոզված է, որ, չնայած այն բանին, որ կառավարությունն ասում է, թե Սեւանից բաց թողնված ջուրը գնում է դաշտերի ոռոգման համար, այնուամենայնիվ, դա այդպես չէ: Նա վստահ է, որ Սեւանի մակարդակը իջեցնում են, որպեսզի օլիգարխների ափամերձ եկամտաբեր կառույցները չմնան ջրի տակ. «Սեւանի մակարդակը բարձրացնելիս, ճանապարհներ կողողվեն, որոշ կոմունիկացիաներ կմնան ջրի տակ: Մակարդակի բարձրացման դեպքում նաեւ անտառահատում է հարկավոր անել, ինչը մեծ գումարների հետ է կապված, որն էլ չեն ուզում ծախսել»: Տիկին Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ այդ բաց թողնված ջուրը գնում է ՀԷԿ-երով, որը տալիս է մաքուր եկամուտ եւ չի հարկվում:
Կարդացեք նաև
Քնարիկ Հովհաննիսյանը հորդորում է արտեզյան ավազանի ջրերը խելամիտ օգտագործել, որպեսզի Սեւանից ջրառ անելու կարիք չլինի.«Եթե այս տեմպերով օգտագործենք արտեզյան ավազանի ջրերը, ապա երկու տարի հետո չենք էլ ունենա, այն ինչ ունենք, քանի որ բնությունը, էկոհամակարգը չի հանդուրժում գերշահույթ, գերօգտագործում»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ