«Ճիշտ որոշում է միջպետական հարաբերություններում կապ պահպանելը, կամուրջները չվառելը»,- այսօր՝ օգոստոսի 27-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նա համարում է, որ մասնակցելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ Հայաստանը ճիշտ որոշում է կայացնում: Եվ այն հանգամանքը, որ արտգործնախարարն է գնում մասնակցելու այդ արարողությանը՝ որոշակի խորհուրդ ունի իր մեջ, եւ որ նախագահը չի գնում՝ դա, ըստ նրա, նույնպես ուղերձ է.
«Բան է հասկացնում դրանց, որ այնուամենայնիվ, մենք ձեր մոտ չենք գալիս ամենաբարձր մակարդակով»:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ պարոն Մանասյանը նշեց, որ բանակցությունների դեպքում հակամարտության կողմերից մեկը սովորաբար պայքարում է, որպեսզի հակամարտության կերպարը մոտ լինի ճշմարտությանը, իսկ մյուս կողմը՝ ցանկանում է կեղծել այն: Եվ արդեն քառորդ դար է, ըստ նրա, հայկական կոնֆլիկտի կերպարն աղճատված է ներկայացվում բոլոր բանակցային սեղանների շուրջ, եւ նա որեւէ լուրջ սպասելիքներ ունենալն անհնար է համարում:
Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը կողմ է ստատուս քվոյի պահպանմանը, իսկ Ուորլիքն անընդհատ հայտարարում է, որ ստատուս քվոն այլեւս հանդուրժելի չէ.
«Կա դիվանագիտություն, որտեղ ամեն մի պետություն, որը նույնիսկ ծայրահեղ եւ ագրեսիվ քայլերի է դիմում, փորձում է ներկայանալ որոշակի դիմակով՝ խաղաղասիրության, որի անունը ազատականություն է նաեւ: Մենք ազատականության մասին խոսում ենք, բայց դա մեզ համար դիմակ չէ, մեզ ձեռնտու է խաղաղ, բանակցային գործընթացը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ