Երկու օր է՝ ակտիվորեն քննարկվում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին՝ հանրությանը որպես Սաքուլիկ հայտնի երիտասարդին, նույն բուհի պրոռեկտոր նշանակելու թեման:
Ամիսներ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսությանը լրագրողների մասնակցությունը խոչընդոտած, լրագրողներին վիրավորած ու համալսարանում բացահայտ լկտի պահվածքով աչքի ընկած երիտասարդը նշանակվել է հենց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր:
Սաքուլիկի նշանակումը բացահայտ խրախուսանք էր նրա գործելաոճի և մատուցած ծառայությունների համար: Նման նշանակումներով իշխանությունները մյուս «սաքուլիկներին» ցույց են տալիս, թե որտեղ է գտնվում «հաջողության բանալին» և ինչ ճանապարհով կարելի է հասնել դրան՝ ծառայել, անհրաժեշտ պահին մատուցել անհրաժեշտ ծառայությունները, ընտրություններին ուսանողների ներգրավմամբ ձայն ապահովել: Այս ամենից հետո խրախուսական պարգևը չի ուշանա: Ուշագրավ է, որ սա միակ օրինակը չէ:
Ոչ վաղ անցյալում էլ, դեռևս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, ով տարին 12 ամիս ՀՀԿ-ի կրծքանշանը փակցրած շրջում էր բուհի միջանցքներով և դուրս չէր գալիս ՀՀԿ-ի շենքից, Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվեց կա¬ռավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Վոլոդյա Գասպարյանին Մանկավարժական համալսարանում փոխարինեց Ներսիկ Մարգարյանը, ով ևս ՀՀԿ-ական է և տեսնելով նախորդի խրախուսումը՝ էլ ավելի մեծ ջանքով է լծվել ՀՀԿ-ին ծառայելու անձնվեր գործին: Համալսարան գալիս է պարտադիր ՀՀԿ կրծքանշանով, կարճ ժամանակում բուհում հավաքել ՀՀԿ-ականների մեծ խումբ և ուսխորհուրդ մտնող-դուրս եկողին էլ առաջարկում է դառնալ ՀՀԿ-ական:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում