Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտահանումը դարձյալ բախվել է խնդիրների. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 27,2014 11:06

Մինչ ռուսական շուկայում կարծես բացվել են նոր հնարավորություններ հայկական որոշ ապրանքների իրացման համար, Հայաստանի արտահանումը դարձյալ բախվել է խնդիրների։

Առանց այն էլ սահմանափակ կոմունիկացիոն ուղիները վերջին շրջանում պարբերաբար ընդհատվում են՝ կապված Վերին Լարսի անցակետի գործունեության դադարեցման հետ։ Այնինչ սա Հայաստանի միակ ցամաքային ճանապարհն է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արտաքին աշխարհի հետ։ Այստեղով է իրականացվում ոչ միայն արտահանման, այլեւ ներմուծման զգալի մասը։

Այս տարվա ընթացքում Վերին Լարսի գործունեությունը, բնական գործոնների հետեւանքով, դադարեցվում է արդեն երրորդ անգամ։ Միայն մայիս-հունիսին ընդհատվեց գրեթե մեկ ամսով։ Օգոստոսյան փլուզման հետեւանքով սպասվում է, որ փակ կմնա առնվազն 20 օր։
Չնայած ճանապարհի մաքրման աշխատանքներն արդեն ավարտված են, այնուհանդերձ հայտարարվում է, որ դրա լիարժեք աշխատանքի համար կպահանջվի եւս 15-օր։ Թեեւ չի բացառվում նույնիսկ, որ ավելի երկար ձգվի։ Խոսակցություններ կան անգամ, որ անցակետի բացումը կարող է երկու ամիս տեւել։

Անկախ նրանից, թե ճանապարհի կարգաբերման եւ անցակետի բացման աշխատանքները դեռ որքան կտեւեն, միանշանակ է, որ դրանից տուժում են առաջին հերթին հայ գործարարները։ Այդ ընթացքում հայաստանյան արտահանողները ստիպված են լինելու սպասել անցակետի գործարկմանը։

Այլ ճանապարհով արտահանման կազմակերպումը տնտեսապես ձեռնտու չէ։ Խոսքը բնականաբար լաստանավային փոխադրումների մասին է, որը ոչ միայն ժամանակատար, այլեւ ծախսատար է։ Լաստանավով փոխադրումներն անհամեմատ թանկ են։ Մի բան, որ բարձրացնում է ապրանքների ինքնարժեքը՝ խնդիրներ առաջացնելով ռուսական շուկայում դրանց մրցունակության համար։

Այնինչ մեկնարկել է գյուղմթերքների ակտիվ արտահանման շրջանը։ Հայաստանը պատրաստվում էր այս տարի գրեթե 30 տոկոսով ավելացնել հայկական խաղողի, ինչպես նաեւ դեղձի իրացման ծավալները ռուսական շուկայում։ Այժմ դա հարցականի տակ է՝ զուտ հաղորդակցության ուղիների խնդիրների պատճառով։

Այս պայմաններում դժվար է սպասել, որ այս տարի կհաջողվի արտահանումը ռուսական շուկա ընդհանրապես ավելացնել։ Առավել եւս, որ այստեղ իրացվող հայկական ապրանքների քանակն արդեն հասցրել է կրճատվել։

Տարեսկզբի առաջին վեց ամիսներին արտահանումը Ռուսաստան պակասել է 6,4 տոկոսով։ Դրա պատճառները տարբեր են, բայց հիմնական խնդիրներից մեկն էլ ցամաքային հաղորդակցության ընդհատումներն են։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031