Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունից անմիջապես հետո հայտարարվեց, թե այդ անդամակցության շնորհիվ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը 500 միլիոն դոլար է ներդնելու իր կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղիներում։ Շատ շուտով պարզվեց, որ նշված 500 միլիոնի ներդրումը «Ռուսական երկաթուղիները» ստանձնել են դեռ 2008-ին, երբ կառավարման էին վերցնում մեր երկաթգծային ամբողջ ենթակաոուցվածքը։ Այսինքն՝ որեւէ նոր, լրացուցիչ ներդրումների մասին խոսք անգամ չկար։
2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ակտիվացան խոսակցությունները Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ, եւ ակնարկներ էին արվում, որ ՄՄ-ին անդամակցության շնորհիվ Ռուսաստանը կսկսի հայկական նոր ատոմակայանի շինարարությունը։ Այս թեման նույնպես վերջին շրջանում անգամ չի քննարկվում։
Մի առիթով Սերժ Սարգսյանը, ՄՄ-ին անդամակցելու փայլուն հեռանկարները ներկայացնելու նպատակով, բերեց Ռուսաստանից բենզինի եւ ադամանդների ներկրման օրինակը։ Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը հնարավորություն ունի բենզին գնելու Ռուսաստանից եւ ռուսական կողմը իր տարածքից արտահանվող այդ բենզինի նկատմամբ չի կիրառում արտահանման հարկ։ Սակայն պարզվեց, որ այդպիսի արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրված բենզինը ունի ճիշտ նույն գինը, ինչ մինչ այդ Եվրոպայից, առանց որեւէ արտոնությունների ներկրվող բենզինը։ Եվ հենց դա էր պատճառը, որ բենզինի մանրածախ գինը Հայաստանում որեւէ փոփոխության չենթարկվեց։
Մի խոսքով, ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունը եւ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունների գլխապատառ գործողությունները գոնե առայժմ որեւէ կերպ չեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը։
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սկսված «առեւտրային պատերազմի» հետեւանքով ՌԴ-ում առաջացած ապրանքային դեֆիցիտը հայկական արտադրանքով մասամբ լրացնելու հեռանկարը։ Թե ի՞նչ արդյունքներ կգրանցվեն սրա արդյունքում՝ կերեւա առաջիկայում։ Միայն նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում, երբ Հայաստանը ձգտում էր դեպի ՄՄ, ՀՀ-ից Ռուսաստան արտահանումը մոտ 6 տոկոսով նվազել է անցած տարվա աոաջին կիսամյակի համեմատ, երբ Սերժ
Սարգսյանը դեռ չէր հայտարարել ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում