Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական դաժանության «միջազգային փորձը»

Օգոստոս 27,2014 16:00

ԱՄՆ-ում պատճառները ռասսայական են, Հայաստանում՝ տղայական եւ «պատվերային»:

Աշխարհի ոչ մի անկյունում դրախտ չկա: Այն երկրներն ու վայրերը, որոնք մեզ «դրախտային» կամ թեկուզ օրինակելի են թվում, իրականում թաթախված են բազմաթիվ խնդիրների մեջ: Աշխարհում կան տարածքներ, որտեղ մարդիկ կարոտ են մի կտոր չոր հացի, որտեղ ժամանակ առ ժամանակ բռնկվում են պատերազմներ ու բռնություններ, որտեղ ցինիկաբար ոտնահարվում է արդարությունը: Ավելին՝ աշխարհում ոչ մի երկիր ու ոչ մի բնակավայր ապահովագրված չէ նման արհավիրքներից: Տարբերությունը թերեւս այն է, թե ինչպես, ինչ մեխանիզմներով են մարդիկ փորձում հաղթահարել այդ արհավիրքները: Երբ ասում ենք «միջազգային փորձ» հավանաբար, հենց դա նկատի ունենք:
ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ռասսայական հողի վրա բախումները շարունակվում են, թեեւ դրանց բարձրակետը, կարծես թե, անցել է: Սեւամորթ բնակչությունը բողոքում է ոստիկանության կողմից 18-ամյա անզեն պատանի Մայքլ Բրաունի սպանության դեմ՝ տեսնելով այստեղ ռասիզմի դրսեւորում: Ոստիկանությունն իր ուժերով չէր կարողանում անկարգությունների դեմն առնել ու անհրաժեշտ եղավ Ազգային գվարդիայի օգնությունը:

BBC-ն հիշեցնում է, որ 1992 թվականին Լոս Անջելեսում տեղի են ունեցել նմանատիպ իրադարձություններ: Մասնավորապես, ոստիկանները փողոցում դաժանորեն մահակներով ծեծել էին սեւամորթ Ռոդնի Քինգին, եւ այդ «դատաստանը» պատկերող տեսաժապավենը լայն տարածում էր գտել ամբողջ աշխարհում: Երեք սադիստ ոստիկանները կանգնել էին դատարանի առաջ եւ արդարացվել: Ի պատասխան սկսվեցին խժդժություններ, որոնց արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ:

Բայց հետաքրքիր մի հանգամանք՝ Մայքլ Բրաունի սպանությունից երկու օր անց նույն Լոս Անջելեսում սպանվել է եւս մի սեւամորթ երիտասարդ՝ Էզիլ Ֆորդը: Նրա ընկերները պնդում են, որ ոստիկանները կրակել են երիտասարդի ծոծրակին, երբ Ֆորդը պառկած էր գետնին փորի վրա: Ոստիկանների վարկածով, Էզիլը ցանկանում էր ոստիկանից խլել զենքը: Սակայն այդ իրադարձությունը չի բարձրացրել բողոքի այնպիսի ալիք, ինչպես որ դա եղավ Ֆերգյուսոնում:

Պատճառները բազմաթիվ են: Հավանաբար, իր դերն է խաղում այն, որ Միսսուրին եւ Կալիֆորնիան թեեւ նույն երկրում են գտնվում, բայց իրենց «մենթալիտետով» չափազանց տարբեր են: Միսսուրին շատ ավելի պահպանողական է, այստեղ ուժեղ են ստրկատիրական եւ, հետեւաբար, ռասսիստական ավանդույթները:

Բայց ավելի կարեւոր է այն, որ այս 20 տարվա ընթացքում Լոս Անջելեսի ոստիկանությունը որոշակի աշխատանք է կատարել ոչ միայն հանցավորությունը նվազեցնելու, այլեւ իր նկատմամբ վստահությունը ամրապնդելու ուղղությամբ: Օրինակ, իր աշխատակազմում ավելացրել է սեւամորթների եւ «լատինոսների» թիվը, իսկ ոստիկանապետը պարբերաբար հանդիպում է բնակիչների հետ ու պատասխանում նրանց ամենասուր հարցերին:
Հայաստանում այս ոլորտում ռասսայական կամ ազգային խնդիրներ չկան՝ հայ ոստիկանները ծեծում են հայ քաղաքացիներին: Որքանո՞վ է համաչափ ուժի կիրառումը՝ պետք է որոշի դատարանը, եթե քաղաքացին բողոքում է: Տարբերությունը, թերեւս այն է, որ ԱՄՆ-ում դատարանների անկախությանը վստահում են ավելի շատ, քան ոստիկանությանը, իսկ Հայաստանում երկուսին էլ հավասարապես չեն վստահում:
Գտնել սահմանը, թե որտեղ են ավարտվում ոստիկանության գործողությունները, որոնց նպատակն է խուլիգանությունը կամ անկարգությունները կանխելը, եւ որտեղ են սկսվում ոստիկանների «տղայական» դրսեւորումները («դու ինձ բա՞ն ասիր») կամ «վերեւներից» հրահանգավորված դաժանությունը՝ այնքան էլ հեշտ չէ:

Այս եւ այլ նմանատիպ խնդիրներ պետք է քննարկվեն ոչ միայն դատարաններում, այլեւ հասարակական լայն շրջանակներում: Ի՞նչ կլինի, օրինակ, եթե Հայաստանի բարձրաստիճան ոստիկանները գնան բուհեր, հանդիպեն երիտասարդական, ակտիվիստական տարբեր շրջանակների հետ ու փորձեն նրանց հետ երկխոսության մեջ մտնել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբո says:

    « Տարբերությունը, թերեւս այն է, որ ԱՄՆ-ում դատարանների անկախությանը վստահում են ավելի շատ, քան ոստիկանությանը, իսկ Հայաստանում երկուսին էլ հավասարապես չեն վստահում»: Եթե խնթրեի չեիք ասի,Հայաստանում ու՞մ են վստահում:
    Ինձ թվում է,որ ԱՄՆ-ի ոստիկանները պետք է Հայաստանի ոստիկաններից, սովորեն համբերատար լինել:ԱՄՆ-ի ոստիկաններին պետք է ցուցադրել տեսանյութը,երբ երիտասարդը կանգնած մեքենայի վրա,ատրճանակով կրակում է հայ վոստիկաններ վրա,իսկ նրանք փորձում են առանց որև է զենք օգտագործելու նրան ցած իջեցնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031