ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջեւ գերեվարված
ՀՀ քաղաքացու դաժան սպանության փաստով դիրքորոշումների նուրբ,
բայց նկատելի տարբերություն կա:
Պաշտոնական Մոսկվան, հետեւելով Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների օրինակին, վերջապես արձագանքեց Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ ադրբեջանցիների կողմից գերեվարության, ապա դաժան սպանության փաստին:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հարցին, թե Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եռյակին մաս կազմող Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունները վերջերս Կարեն Պետրոսյանի մահվան փաստով հայտարարությամբ են հանդես եկել, ինչը մեծ արձագանք է ստացել, ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումը, հայտարարել է. «Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը ուղեկցվում է մարդկային կորուստներով եւ ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին: Նման տիպի բոլոր միջադեպերի մանրակրկիտ հետաքննության անցկացումը անհրաժեշտություն է»:
Այնուհետեւ Լուկաշեւիչը հավելել է, որ կողմերին կոչ են անում հետեւել 2010թ. հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների Համատեղ հայտարարության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձման մասին դրույթների գործնական կիրառությանը:
Կարդացեք նաև
Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը, արձագանքելով նույն փաստին, նշել էր, որ Ֆրանսիան խորապես ցնցված է Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով: «Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագորեն վերադարձնել նրա մարմինը եւ ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,- ասել էր նա:
Իսկ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունն էր հաղորդագրություն տարածել Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առնչությամբ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ եւ այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին»,- ասվել էր հայտարարության մեջ: Պետքարտուղարությունը նաեւ Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել իրականացնել միջադեպի խորը եւ թափանցիկ հետաքննություն եւ հանրությանը ներկայացնել արդյունքները: Պետքարտուղարությունը կողմերին կոչ էր արել հարգելու միջազգային հումանիտար օրենսդրությունը եւ Կարմիր Խաչին հնարավորություն տալ տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին:
Համադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների հայտարարությունները, նկատում ենք, որ, ի տարբերություն Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արձագանքների, ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը բավականին «լղոզված» է` ադրբեջանական կողմի պատասխանատվության առումով: ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանին գերեվարելու, ապա նրա հետ դաժանաբար վարվելու մասին փաստող լուսանկարները համացանցում տարածելով՝ ադրբեջանական կողմը մինչդեռ տվել էր հնարավորություն, որպեսզի կատարվածին տրվեր միանշանակ գնահատական:
Այնինչ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքն առավելապես ընդհանրական է. մի կողմից Մոսկվան ցավակցություն է հայտնում Կարեն Պետրոսյանի հարազատներին, սակայն կոնկրետ դեպքը տեղափոխում է այլ դաշտ` «ինչպես նաեւ կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին», կարծես Կարեն Պետրոսյանը հայտնվել է հակառակորդի մոտ՝ տեղի ունեցած երկկողմանի ռազմական գործողությունների արդյունքում: Բացի այդ, ադրբեջանական կողմի արարքը դատապարտելուց Մոսկվան ակնհայտորեն խուսափել է:
Հազիվ թե Մոսկվան արժանահավատ է համարել Բաքվի տեղեկատվությունը, թե իբր Կարեն Պետրոսյանը «հանկարծակի» մահացել է` «սուր սրտանոթային անբավարարությունից»: Հետեւաբար, ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը կարելի է կոնկրետությունից զուրկ համարել «հերթապահ», «շարքային» եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրներից ընդամենը հետ չմնալու քայլ: Ոչ դիվանագիտական լեզվով ասած` ՀՀ քաղաքացու կոնկրետ սպանության դեպքը Մոսկվան հավասարեցրել է` «կյանքից զրկված մյուս ադրբեջանցիների» հետ, ինչը, իսկապես ցավալի փաստ է:
Բոլորովին էլ զարմանալի չէ, որ եթե Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների արձագանքներն Ադրբեջանում անհանգստություն էին առաջացրել, ապա Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունը Բաքվում մեծ խանդավառությամբ են ընդունել: Ադրբեջանցիների զայրույթն հատկապես ուժգին է Ֆրանսիայի ուղղությամբ, այստեղ վերհիշում են նույնիսկ Միտերանի` «հայերը ֆրանսիացիներին մոտ ժողովուրդ են» տեսակետը, մյուսներն էլ Կարեն Պետրոսյանի առնչությամբ պաշտոնական Փարիզի հայտարարությունը մատնանշելով, խոսում են այն մասին, թե որքան «անբարեխիղճ» միջնորդ է Ֆրանսիան:
«Ռուսները ֆրանսիացիներին ղարաբաղյան դաս տվեցին»` վերնագրով հոդվածում, օրինակ, haqqin.az-ը ներկայացնում է Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունն ու հավելում. «Ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի՝ որոնք մոռացել են հայերի կողմից ադրբեջանցի գերիների եւ սպանությունների մասին, ցավակցել էին դիվերսանտ Կարեն Պետրոսյանի հարազատներին ու պահանջել էին անհապաղ վերադարձնել նրա մարմինը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել առավել զուսպ եւ հավասարակշռված դիրքորոշմամբ: Ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Մոսկվայում, ինչպես երեւում է, իրենց հաշիվ են տալիս, որ իրենք ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ են, իսկ նման հարցերում անհրաժեշտ է հանդես գալ հավասարակշռված դիրքորոշմամբ»:
Լավ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրների միջեւ՝ գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դաժան սպանության փաստի առիթով դիրքորոշումների նման նուրբ, բայց նկատելի կողմնակալ տարբերություն է ի հայտ եկել: Կրկնակի վատ է, որ այդ տարբերությունը դրսեւորվում է Հայաստանի «ռազմավարական» դաշնակցի կողմից:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2014