Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ոչ միայն Գանձասարի, այլեւ Գառնի-Գեղարդի, Հաղպատ-Սանահինի վրա աչք ունեն

Օգոստոս 27,2014 15:00

Արցախի մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը (լուսանկարում), նախորդ շաբաթ Արցախում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Ադրբեջանում պարբերաբար «աշխատություններ» են գրվում Գանձասարի՝ աղվանական եկեղեցի լինելու, աղվանական ծագման մասին, ի պատասխան որեւէ քայլ չե՞ք անում, ասաց. «Մի քանի օր առաջ մի բարձրորակ գիրք տեսա՝ ֆրանսերեն, կոչվում էր «Արեւմտյան Ադրբեջանի ճարտարապետական հուշարձանները», եւ այդ գիրք-ալբոմում պատմվում էր Գառնիի, Գեղարդի, Սանահինի եւ Հաղպատի մասին… Այնպես որ, եթե այդ ամենն են փորձում սեփականաշնորհել, պետք չի զարմանալ, որ մեր Գանձասարն էլ «աղվանական» են համարում: Դա նրանց զեղծարար ոճն է, որը նոր բան չէ, դեռ 1960-ական թվականներից սկսած են այդ մասին բարբաջում: Ոչ միայն բարբաջում, այլեւ մեծ գումարներ են ծախսում՝ այդ տեսակետները տարածելու համար»:

Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը համաձայնեց մեզ հետ, որ այդ ուղղությամբ մեր հակադարձումները քիչ են. «Իրականում մեծ բաց կա այդ ոլորտում՝ միջոցների բացակայության պատճառով: Մեր արժեքների հանրահռչակման համար անհրաժեշտ են օտար լեզուներով եւ օտարների համար մատչելի լեզվով արված թարգմանություններ, ալբոմներ, բուկլետներ, գրքեր: Այդպիսի ծրագրեր շատ ունենք, բայց նոր միջոցներ ներգրավելու խնդիր ունենք»:

Հարց հնչեց նաեւ բարերար Լեւոն Հայրապետյանի մասին՝ ցույցեր, բողոքի ակցիաներ արվո՞ւմ են նրա համար: Տիկին նախարարն ասաց, որ Արցախում նման բաներն ընդունված չեն. «Չգիտեմ ինչով բացատրել դա, բայց մեզ մոտ նման ակցիաները, ցույցերը ընդունված չեն: Մենք հոգով բոլորս նրա հետ ենք, հույս ունենք, որ այս ամենը կհարթվի կգնա, հիմա ավելի շատ նրա առողջությամբ ենք հետաքրքրված, բայց մեզ մոտ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, այդպես է…»:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանից՝ պաշտոնյաների, պատգամավորների՝ Ղարաբաղ կատարած այցերին, դիրքեր գնալուն, լուսանկարվելուն, Նարինե Աղաբալյանն ասաց, որ դա էլ իրենց մոտ չի քննարկվում: «Մարդիկ լսեցին, իմացան, որ եկել են, անցավ գնաց, այլեւս չի քննարկվում՝ ո՞վ է եկել, ինչո՞ւ է եկել, PR-ի համա՞ր է, թե չէ, չեն քննարկվում մեզ մոտ նման բաներ»,- ասաց նախարարը:

Իսկ ինչ վերաբերում է մինչ այս դեպքերը՝ պարբերական բնույթ կրող այցելություններին, ծրագրերին, տիկին նախարարը նշեց պատգամավոր Շուշան Պետրոսյանին, ով իր նախաձեռնությամբ Մարտակերտ քաղաքում մի քանի ծրագրեր է իրականացրել՝ մշակույթի տունը վերականգնելու միջոցներ է գտել, բարերարների է ներգրավել՝ նոր տեխնիկա, երաժշտական գործիքներ հայթայթելու համար. «Իր նախաձեռնությամբ է անում, վաղուց է անում, շատ ուրախ եւ շնորհակալ ենք, լավ կլինի, եթե շատերը անեն նման բան»: Որպես արդյունք՝ փոխնախարարը նշեց, որ եթե 2012թ. «Մշակութային խաչմերուկ» գեղարվեստական մրցույթ-փառատոնում Մարտակերտը վերջին տեղն էր զբաղեցրել, ապա նախորդ տարի երկրորդ տեղը՝ Շուշիից հետո:

Նշեցին նաեւ, որ պատգամավոր Կարինե Աճեմյանը նույնպես հաճախ է այցելում, աջակցում է տարբեր մշակութային ծրագրերի, հովանավորներ է փորձում գտնել եւ այլ հարցերով օգտակար լինել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031