Ասում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
«Այն հոգին, այն հոգեւոր մեծ ուժը, որ այսօր գոյություն ունի հայ զինվորի սրտում, մտքում եւ բազկում, որեւէ ուժի առջեւ չի ծնկի»,- ս.թ. օգոստոսի 22-24-ը՝ «Ազատ Արցախ» անունը կրող ուխտագնացության ժամանակ, ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հոգեւորականը համոզված է, որ այս ուխտագնացությունը եւս մեկ հնարավորություն է «ամենապարզ խոսքով շնորհակալություն հայտնել սահմանին կանգնած զինվորին»: Ուխտագնացությունը, որը մի խումբ լրագրողների համար կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առաջնորդում էր Բագրատ սրբազանը: Նպատակն էր, որպեսզի լրագրողները տեղում ծանոթանան Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի խնդիրներին:
«Մեր երիտասարդներն այդ տարիքում կարողանում են արժանի հակահարված տալ հակառակորդին՝ պաշտպանելով հայրենի հողը, մեր ընտանիքներն ու սրբությունները»,- ասում է Բագրատ սրբազանը: Զորամասերում հոգեւոր հայրը զինվորներին եւ հրամանատարին ասաց. «Թող հրամանատարը երեբեք առիթ չունենա վերջին համբույր տալու զինվորին, այլ միշտ հպարտությամբ շքանշաններով զարդարի զինվորի կուրծքն ու պատվոգրեր շնորհի նրանց: Թող Աստված նրանց ապահով պահի, միմյանց նկատմամբ մեծ սիրով լինեն: Մեր դիմաց ընդհանուր հակառակորդ է կանգնած, որն ամեն վայրկյան փորձում է տագնապի մատնել մեր ժողովրդին, բայց նման տղաների շնորհիվ ոչ ոք երբեք չի կարող խախտել հայոց անդորրը: Մեր ամեն մի զինվորը մի մեծ ոսկյա արժեք է, յուրաքանչյուրին մեծ խնամքով պետք է վերաբերվել»:
Արցախի զորամասերից մեկի հրամանատար Հարություն Ամիրխանյանի խոսքերով. «Վերջին 20 օրերի ընթացքում հակառակորդը փորձեց լարել իրավիճակն առաջնագծում, փորձեց աշխարհին կամ իր ժողովրդին ինչ-որ բան ապացուցել: Բայց ինչպես տարիներ առաջ, այնպես էլ՝ հիմա, մեր զինվորը, միայն ու միայն մեր զինվորը կարողացավ հակառակորդին հետ շպրտել իր մտադրությունից: Ցավոք սրտի, մենք էլ ունեցանք մարդկային զոհեր: Բայց մենք կարողացանք ապացուցել հակառակորդին, որ մեր գործն արդար է, ու մեզ հետ իրենք գործ չունեն: Մենք իրենց հուշեցինք՝ բոլոր հարցերը լուծել միայն ու միայն դիվանագիտական ճանապարհով, զենքի ուժով իրենք մեզ հետ խոսել չեն կարող: Այսօր հայ զինվորը ոչնչի կարիք չունի, պարզապես, մարդիկ թող աղոթեն նրա առողջության ու հաջողության համար»:
Արցախի բանակի պատասխանատուների խոսքերով, զորամասերում հոգեւոր դաստիարակության շնորհիվ պակասել է աղանդավոր զինծառայողների թիվը: Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի տվյալներով, բանակում գրանցված 64 աղանդավորները զորացրվելուց արդեն աղանդավոր չէին: Մատաղիսի մեր այցելած զորամասերից մեկում պետք է մատուռ կառուցվեր, որին պետք է մասնակցեր ամբողջ հրամանատարական եւ զինվորական կազմը:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ եղան Գանձասարում, որտեղ Սուրբ Պատարագի մասնակցեցին:
Արցախի Թեմի Առաջնորդ Պարգեւ Սրբազանը, մեկնաբանելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին կատարված իրադարձությունները, համոզմունք հայտնեց, որ անվտանգության երաշխիք գոյություն չունի. «Մենք կյանքի փորձից տեսանք. Հարավային Օսեթիայում խաղաղապահ ուժեր էին՝ Վրաստանը եկավ, խփեց՝ գնաց: ԱՄՆ-ն մտավ Իրաք, դուրս եկավ, ասեց ամեն ինչ խաղաղ է, բայց այսօր տեսնում ենք կոտորած, ցեղասպանություն է կատարվում Հյուսիսային Իրաքում, իսկ ո՞վ ասեց, որ մեր պարագայում այդ անվտանգության երաշխիքը հարյուր տոկոսով իրականացվելու է: Ես ինքս այդպիսի երաշխիքների չեմ հավատում: Մեզ համար միակ երաշխիքը մեր պաշտպանության բանակն է, որը քսան տարի է պահպանում է մեր անվտանգությունը»:
Խոսելով Ղարաբաղյան խնդրի լուծման մասին՝ Մովսես Հակոբյանն ասաց, որ անհնարին է այն լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության. «Ով ուզում է բանակցի, ինչ առաջարկություն ուզում է անի, միեւնույն է՝ Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, առանց նրա մասնակցության անհնար է այս խնդրի լուծումը: Երբ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, կարող եք ակնկալել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի»:
Արցախի պաշտպանության բանակի նախարարի խոսքերով. «Ամեն օր պատրաստվում ենք պատերազմի, ամեն մեկն իր տեղում է: Իմ զինվորն այսօր դրան պատրաստ է»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2014