Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհերն ինձ գցել է իր սարդոստայնը, բայց չի վնասել իմ անհատականությանը»

Օգոստոս 27,2014 13:30

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝
մկրտչյանական նախաձեռնությունների եւ իր չավարտված կարիերայի մասին:

1990-ականներին արվեստագետների մի մասը՝ հիմնականում միջին տարիքի կայացած դերասաններ, Հայաստանից արտագաղթեց ԱՄՆ: Նրանցից շատերն ամերիկաներում այլեւս չզբաղվեցին արվեստով, միայն քչերը հավատարիմ մնացին իրենց կոչմանը: Շուրջ 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, արդեն տարիուկես է՝ հայրենիք է վերադարձել դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Երեւան ոտք դնելու օրվանից հիմնական հարցը, որ տրվում էր դերասանուհուն նրա եւ ամուսնու՝ ճանաչված ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանի մասին այնքան իրարամերժ պատմությունների արդյունք էր, որոնք հյուսվել էին դերասանուհու շուրջ՝ ԱՄՆ-ում հայտնվելու օրվանից ի վեր: Թամար Հովհաննիսյանը խոսելով իր եւ Մհեր Մկրտչյանի մասին՝ մշտապես հերքել է, թե ինքը հեռացել է մեծ վարպետից վերջինիս համար կյանքի ամենադժվար պահին, այդ լուրերի հեղինակներին դասելով փողի, փառքի հետեւից վազողների, որոնց որեւէ բարոյական իրավունք տրված չէ այդկերպ վարվելու նրա կենսագրության հետ:

Դերասանուհին տեղեկացրել էր նաեւ, թե ԱՄՆ-ից վերադարձել է «մկրտչյանական» բազում նյութերով, որոնք ցանկանում է կյանքի կոչել բեմադրությունների, գրքերի, ալբոմների տեսքով: Ըստ նրա, դրանք յուրօրինակ պատասխան կհանդիսանան բազմաթիվ, այդ թվում՝ անցանկալի խոսակցություններին: Ի միջիայլոց, մեր տեղեկություններով՝ վերջերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղխորհուրդը մերժել է Թամար Հովհաննիսյանի ներկայացրած պիեսը:

«Առավոտը» հանդիպեց դերասանուհու հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ընդունում այն իրականությունը, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ինքը անտեսված է իբրեւ դերասանուհի եւ հիմնականում «ընկալվում» է որպես Մհեր Մկրտչյանի տիկին: Եվ սա այն դեպքում, երբ մինչ օրս մասնագետների եւ թատերասեր հասարակության հիշողության մեջ են Մայր թատրոնում նրա կերտած կերպարները՝ Գորկու «Հատակում», Վ. Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը», Ն. Զարյանի «Հացավան», Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում՝ Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» եւ այլ ներկայացումներում:

«Իմ մեջ դերասանուհին չի մարել ոչ մի վայրկյան: Ես չեմ վառվում բեմ բարձրանալու մոլուցքով, բայց երբ գա այն պահը, որ հանդիպեմ հերոսուհուս, որն ինձ «հրավառի», կդառնամ այդ կինը ու կբարձրանամ բեմ: Չեմ համարում, թե իմ կենսագրությունն ավարտված է»,- նշեց դերասանուհին: Հավելեց նաեւ, թե համակարծիք չէ այն մտքին, որ դերասան ծնվում են: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, դերասանությունը փեշակ է:
Տիկին Հովհաննիսյանը հիշեց նաեւ հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնի մի առիթով արտահայտած հետեւյալ միտքը, թե դերասանությունը վտանգավոր բիզնես է եւ այդ գործի մեջ կյանքդ ես դնում: Մանրամասնեց. «Ես անձնական կյանքս եմ դրել այդ գործի մեջ… Բայց նյութական ոչինչ ձեռք չեմ բերել»: Ռեպլիկին՝ ասում են, թե այսօր Մայր թատրոնի պրիմա դերասանուհի կլիներ Թամար Հովհաննիսյանը, եթե ժամանակին նրա կարիերային «չվնասեր» Մհեր Մկրտչյանը, դերասանուհին պատասխանեց. «Մհերի զորությունն ու ուժը կուլ տվեց ինձ: Մինչեւ հիմա հանգիստ ու դադար չունեմ, ինքը հիմա էլ ապրում է ու կա: Չնայած նա գցել է ինձ իր սարդոստայնը, այդուհանդերձ երբեք չի վնասել իմ անհատականությանը: Հակառակը՝ լրացրել է, ավելի կատարյալ դարձրել»:

Դերասանուհին հիշեց ԱՄՆ-ում բազմաթիվ ձեռնարկներից նաեւ անգլերենով իրականացրած սարոյանական երկու բեմադրությունները, նշելով, որ դա իր «գոլերից» մեկն է, որ խփել է: Հայտնեց, որ աշնանը կհրատարակվի իր «Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը, որտեղ ներկայացված 262 անտիպ լուսանկարներն իրենց մակագրություններով, ժամանակագրական հերթականությամբ «պատմում» են իրենց համատեղ կյանքի մասին, որի անբաժան մասն են կազմել թատրոնը, հյուրախաղերը… Հետո արդեն տպագրության կհանձնի «Իմ գիրքը» ինքնակենսագրականը եւ այլն:

Ինչ վերաբերում է Մայր թատրոնի գեղխորհրդի կողմից իր պիեսի մերժմանը, տիկին Հովհաննիսյանը շրջանցելով հարցը, ասաց, որ շուտով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսի իր «Վերջին կանգառը» պիեսի բեմադրության փորձերը, որը հանդիսատեսին կներկայացնի աշնան վերջին: Դիտարկմանը՝ վերջին կանգառը Թամար Հովհաննիսյանի համար հավանաբար Հայաստանն է, դերասանուհին պատասխանեց Պոլ Գոգենի խոսքերով, ով աշխարհը թափառել ու հեռվից տեսնելով Թայիթի կղզին, ասել էր. «Ես պատկանում եմ այս տեղին»: Նշեց, որ իր համար վերջին կանգառն, իհարկե, Հայաստանն է, ասաց նաեւ, որ անհեթեթ ու անիմաստ է համարում հաճախ հնչող հարցը՝ ո՞րն է լավ երկիր՝ Ամերիկա՞ն, թե՞ Հայաստանը. «Լավ է այնտեղ, որտեղ դու լավ ես զգում եւ որտեղին պատկանում ես…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ. Լևոնյան says:

    Սունդուկյանի անվան թատրոնը մերժել է նրա ներկայացրած պիեսը, որովհետև շատ վատ պիես էր, թեպետ հիմա էլ, բացի Շեքսպիրյան գործերը, լավ պիեսներ չեն բեմադրվում: Իսկ դժբախտ Մհերի մասին , էէէէ, շատ բան գիտենք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031