Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագույրից այն կողմ

Օգոստոս 27,2014 13:00
varaguyr

Վարագույրից այն կողմ` զարհուրելի է: Չերեւացող, ամբողջ իրականությունն այնտեղ է: Այնտեղ դաժան կյանքն է, ծրագրվող ինտրիգների դաշտը, որտեղից ժողովրդին` վարպետորեն մատուցում են հնչեղությամբ` անզուգական, իրականում` կեղծիքներ, ստեր, բլեֆներ, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ծրագրեր: Այնտեղ ռոմանտիկա չկա, այնտեղ՝ ուզել-չուզելուց անկախ, մարդիկ պարտադիր պետք է կրեն իրենց բաժին ցավը: Այնտեղ ամեն ինչ սառն է՝ մեռած մարդու մարմնի սառնության չափ: Այնտեղ թագավորում է փողի եւ մահվան սարսափը:

Այնտեղ արյունը ջրի գին ունի, մարդկաց մարմինները նույնացվում են մորթված խոզերի մարմինների հետ, որոնք հարկ եղած դեպքում կարող են ծառայել որպես կեր: Այնտեղ հոգու մասին մտածելն իսկ ծիծաղելի է: Այնտեղ պոռնիկը կույս է, իսկ կույսը՝ մեղավոր: Այնտեղ շունչը մեռնում է, իսկ շնչողները դառնում են դահիճներ: Այնտեղ հավիտենորեն արհամարված է խիղճը, իսկ շահն իր շքախմբով թագավորում է ընտրյալի կարգավիճակով: Այնտեղ զգացմունքները վախից պահ են մտնում եւ վախեցածի կեցվածքով խոնարհվում զոհասեղանը ղեկավարող ինքնագոհ այրերին: Այնտեղ շնչառությունը՝ չգոյությունն է, թագավորողը՝ փողերի վայրագ դաշտը, որը մշտապես վախ ու սարսափ է ներշնչում դահլիճում ներկա հանդիսատեսին: Նրանք` այնտեղի հերոսները, չափի զգացում, խղճի խայթ, մաշկի թրթիռ, բարոյականության մարմաջ, արժեքների գնահատում, սրբությունների հիշատակություն, հիշողությունների եւ անցյալի կարոտ, հուշերի վերապրում չունեն, նրանց դաշտը դուրս է այդ ամենից: Նրանք ապրում են` թալանելու, պղտորելու, փչացնելու, խլելու, ոչնչացնելու, ապականելու, վերեւից նայելու, նվաստացնելու, տիրելու, խոցելու, արժեքները խաթարելու, ավերելու, քանդելու, պղծելու, եղածը եւ գալիքն իրենցով անելու, իրենց` ամենակարողի ու հավերժի դափնիով զարդարելու մոլուցքով: Դա այն տեղն է, որտեղ իրերն այլ անուններ ունեն: Հիասթափություններն ու ոգեւորությունները` միկրովայրկյանի պարբերականությամբ հաջորդում են միմյանց, իսպառ բացակայում է հասանելիության դաշտը: Միակ դաշտը` մոլագար ցանկությունների դաշտն է: Այնտեղ ապրող եւ չապրած` ողբերգական ճակատագրերի միասնությունն է: Այնտեղ երազները տեղ չունեն: Այնտեղ ամեն ինչ «իրական եւ ճշմարիտ» է: Այնտեղ՝ բիրտ ուժն է, փողը, կոռուպցիան, խաբեությունը, կաշառակերությունը, թալանը: Այնտեղ ամեն ինչ սառը գործարքների դաշտում է, այնտեղ միայն շահն է ու շահը: Այնտեղ նախագծում են, թե ինչպես խաբել մարդկանց, ինչպես մոլորեցնել եւ մարդկանցից «նրբորեն» խլել իրենց վերջին ունեցվածքը եւ ինչպես նրանց վզին փաթաթել՝ իրենց հետ կապ չունեցող գործարքներ, ինչպես մարդկանց աչքերին թոզ փչել եւ առանց ամոթի, սերունդների վրա թողնել բազմամիլիոն վարկերի մարման «առաքելությունը»: Այնտեղ բնավ չեն վարանում ոչնչացնել եղած արժեքները, որպեսզի ոչ մի ուժ երբրեւէ գլուխ չբարձրացնի եւ չխոչընդոտի իրենց անցնելիք ճանապարհը: Այնտեղ արյունն ուղղակի հեղուկ է` սովորական ջրի պես մի բան: Այնտեղ ամեն ինչ ենթակա է վաճառքի եւ ամեն մեկը «արժանի» է կործանման: Այնտեղ ամեն վայրկյան մահը հետապնդում եւ փոխարինում է մարդկանց ստվերներին եւ միայն բախտի բերմամբ է հնարավոր ազատվել: Այնտեղ փողն է բոլորի Աստվածը, որին բոլորն անխտիր գերի են եւ խոնարհվում են շատ ավելի հաճախ, քան հավատացյալները` Տիրոջը: Այնտեղ փողը եւ մարմին է, եւ հոգի, ու ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է փողով: Այնտեղ կանոնավոր գիշեր, ցերեկ չկա: Այնտեղ փողն է որոշում` երբ լույս լինի, երբ մութ սփռի: Այնտեղ գերեզմաններ չկան, քանզի ամեն մեկն` ամեն վայրկյան մահապարտի կարգավիճակում է: Նրանց երբեմն թաղում են նաեւ վարագույրի այս կողմում: Այնտեղ մարդկանց հարստահարում եւ նվաստացնում են այն աստիճան, որ նրանք դժվարանում են նույնիսկ` հացի ու դեղի փող վաստակել, իսկ իրենք հանգիստ խղճով շարունակում են տիրանալ երկրի` դեռեւս չտիրացած ունեցվածքին: Աստված իմ, միթե՞ Տերը պետք է հանդուրժի այս ամենը եւ միթե՞ այդ մարդիկ տեղյակ են Տիրոջ պատժից:

Վարագույրից այն կողմ մշակվել եւ ներդրվել է մի այնպիսի ստվերային համակարգ, որի խճճված, բիրտ, անբացահայտ եւ ոչ տրիվյալ գործառույթներին դույզն անգամ ծանոթ չէ ժողովուրդը: Այնտեղ տնօրինում են բացառապես բոլորի ճակատագրերը: Դա այն վայրն է, որտեղ այնպիսի բարդ ու կոմբինացիոն ծրագրեր են մշակվում եւ իրագործվում, որոնց խորքը հասկանալու համար պետք է մշտապես առնչվել դրանց, քանզի ժամանակի՝ փոքրիկ չափով կտրվելն անգամ համակարգի որեւէ ենթագործառույթից, այդ մարդկանց զրկում է համակարգին ամբողջական տիրապետելու հնարավորությունից: Վարագույրից այն կողմ է որոշվում, թե ում, երբ եւ ինչ մատուցեն: Նրանց կազմից մի քանի «արտոնյալները» այնպես են գծագրել այդ համակարգը, որ համարյա անհնարին է նրա` թեկուզ մասնակի վերահսկողությունը, քանզի համակարգի բոլոր գործառույթները փոխկապակցված են եւ որոշվում են իրարով: Վարագույրից այն կողմ են մշակվում եւ իրականացվում ամենափոքրից մինչեւ ամենախոշորագույն ստվերային մանիպուլյացիաները: Այդ համակարգում` որոշակի մակարդակից սկսած, ղեկավար իշխանավորներն օգտվելով այն հանգամանքից, որ ավելի վերին իշխանությունները ժամանակ չունեն, ինչպես նաեւ մասնագիտորեն չեն տիրապետում համակարգի ֆինանսական հոսքերի նրբություններին, իրենց համար ընտրում են վստահելի՝ ճկուն եւ երիտասարդ, սուպեր պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր հրահանգավորված ուղղորդում են համակարգի ֆինանսական գործառույթները, եւ այնքանով, որքանով իրենց անմիջական շեֆերը գլուխ չեն հանում համակարգի նրբություններից, այդչափով էլ փորձում են խաբել նրանց: Իսկ սրանք էլ՝ իրենց հերթին, ավելի բարձր ղեկավարներին, եւ այսպես մինչեւ բուրգի գագաթ: Բացի ֆիքսված թվերից, ինչը որոշվում է հստակ պայմանավորվածությամբ, մնացածն ընթանում է վերը նկարագրված սխեմայով: Այնտեղ առաջնորդվում են միմիայն. «ով ավելի հավատարիմ է» բանաձեւով: Հենց այս ճանապարհով, համարյա ամեն ինչ թալանվում է, որից ժողովուրդն ընդհանրապես տեղյակ չէ: Եվ եթե նույնիսկ տեղյակ էլ լինի, ապա միեւնույն է, ոչինչ անել չի կարող, քանի որ վարագուրից այն կողմ թափանցիկությունն արգելված է եւ վաղուց անհետացած:

Վարագույրից այն կողմ այնքան դաժան է, որ նրանք միմյանց վերաբերվում են չխնայելու աստիճան:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ»
միջազգային կենտրոն հ/կ-ի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031