Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսանկարիչ դարձա հայրենաճանաչության ճանապարհին»

Օգոստոս 27,2014 12:30

Զրույց լուսանկարիչ Վահե Աղամյանի հետ

Վահե Աղամյանի լուսանկարներում Լոռին է՝ գեղեցիկ բնությամբ ու սրտաբաց մարդկանցով: Բնությունը շնչում է, իսկ դիմանկարներին նայելիս էլ թվում է, թե լուսանկարի հերոսները հիմա կսկսեն Լոռվա քաղցր բարբառով խոսել:

Vahe_Agamyan

 

-Վահե, իրոք դժվար է նման գեղեցկության կողքով անտարբեր անցնել, ցանկացած մարդ պոետ ու նկարիչ կդառնա: Ինչպե՞ս սկսեցիք լուսանկարել:

– Լուսանկարչական առաջին փորձերս կատարել եմ դեռ դպրոցական տարիքում, երբ հորեղբայրս ՌԴ-ից ուղարկեց «Ֆեդ-5» սովետական ժապավենային ֆոտոխցիկը, բայց դրանք մեծամասամբ ձախողվեցին, քանի որ փորձերի համար միջոցներ էին պետք՝ ժապավեն գնելու, երեւակելու ու լուսանկարները հանելու համար, իսկ երկիրը նոր էր պատերազմից հետո ոտքի կանգնում: Այդպես դադարեցի լուսանկարել:

Եվ երբ վերդարձա բանակից, գնեցի հեռախոս, որը նկարելու հնարավորություն ուներ, դա 2009 թվականի վերջն ու 2010 թվականի սկիզբն էր: Մտածեցի՝ ինչպես օգտագործել ֆոտոխցիկը, որ մի օգուտ բերի, ու «Օդնոկլասսնիկի» սոցկայքում բացեցի իմ ծննդավայր Թումանյան քաղաքի մասին պատմող էջ, որը մինչ օրս գործում է, ու այնտեղ տեղադրեցի Թումանյանի հուշարձանների, գեղեցիկ տեսարանների նկարներ՝ էջում հավաքելով հեռու ու մոտիկ թումանյանցիներին: Հատկապես արտերկրում գտնվող թումանյանցիները նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ ընդունեցին ու սկսեցին ինձ նամակներ գրել՝ խնդրելով իրենց հայրական տունը նկարել, կամ իրենց բակը, բոստանը…

-Հիմա նաեւ Ֆեյսբուքում արդեն իսկ պրոֆեսիոնալ լուսանկարների էջ ունեք՝ «Լոռի՝ իմ սեր, իմ թախիծ» անունով:

– 2012 թվականի գարնանն ինձ պատահաբար ցույց տվեցին ալավերդցի Անահիտ Գեւորգյանի խմբագրած ալմանախը՝ «Լոռի՝ իմ սեր, իմ թախիծ» վերնագրով: Բացեցի գիրքն ու տեսա, որ այնտեղ մեր Թումանյանի տարածաշրջանի գրողների բանաստեղծություններն են, ու ինձ մոտ միտք առաջացավ իմ ծննդավայր Թումանյանը ներկայացնելուց բացի, ներկայացնել ամբողջ Լոռին: Հենց նույն օրն էլ արդեն Ֆեյսբուքում բացեցի գրքին համանուն էջն, ու այստեղից սկսվեցին իմ ճանաչողական այցերը Լոռու տեսարժան վայրեր ու հուշարձաններ, որոնք սկզբնական շրջանում նկարում էի իմ հեռախոսով ու տեղադրում: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում էջում հավաքվեցին մի քանի հարյուր բաժանորդներ, ու զգացի, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա: Հետո արդեն մասնագիտացա՝ լուսանկարչական կրթություն ստանալով: Լուսանկարչական սիրողական սարք գնեցի, որ ավելի գեղեցիկ գույներով ներկայանամ հանրությանը եվ մեկ տարվա ընթացքում այնքան նկարեցի, որ խեղճը շարքից դուրս եկավ, քանի որ նախատեսված չէր այդքան շատ նկարներ անելու համար: Կանգնեցի կրկին կոտրված տաշտակի առջեւ. գործիք չունեի, իսկ նորը գնել չէի կարող, քանի որ ուսանող էի ու միջոցներս չէին ների: Ընկերներիս հորդորով էջում հայտարարություն գրեցինք, որ դրամահավաք ենք կազմակերպում՝ ավելի լավ լուսանկարչական սարք գնելու համար: Բանկային հաշիվ բացվեց, մի քանի տասնյակ հազար դրամ հավաքվեց եւ տեղի ունեցավ հրաշք. անհայտ բարերարի կողմից փոստով ինձ ուղարկեցին բավական լուրջ ֆոտոխցիկ, ես չէի հավատում աչքերիս: Երբ հրապարակեցի էջում, որ ստացել եմ նվերն ու շնորհակալություն հայտնեցի, շատերը չէին հավատում, բայց իմ երազանքը կատարվեց ու Լոռվա նկարները ուրիշ որակ ստացան, լուսանկարչությունը ուրիշ փուլ թեւակոխեց:

-Ըստ Ձեզ, ինչո՞վ է Լոռին յուրահատուկ:

– Լոռին թանգարան է բաց երկնքի տակ եւ դա իզուր չի ասված, քանի որ այստեղ մեծ թվով հուշարձաններ կան՝ նույնիսկ վաղ քրիստոնեական ու նախաքրիստոնեական ժամանակների: Էլ չեմ ասում բնության հրաշալի տեսարանների մասին, որ ստեղծում են սարերը, սարահարթերը, լեռնային արագահոս գետերը: Այս ամենը միայն պարարտ հող են ստեղծում զբոսաշրջության համար, բայց մեր պետության հարկային քաղաքականությունը թույլ չի տալիս, որ սովորական քաղաքացիները լրջորեն զբաղվեն զբոսաշրջությամբ: Իմ կարծիքով, անհրաժեշտ է Լոռու մարզում ազատել զբոսաշրջությունը հարկային կապանքներից, հյուրանոցների հաստատագրված վճարներից, որպեսզի նրանք կարողանան էժան ծառայություններ մատուցել եւ գրավիչ լինել զբոսաշրջիկների համար: Այդ ժամանակ մենք կունենանք ավելի մաքուր Լոռի, քանի որ բոլոր լոռեցիները կսկսեն մաքուր պահել իրենց շրջապատը՝ այն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջության համար՝ միաժամանակ սկսելով պայքարել մեծածավալ անտառահատման, գետեր չորացնող ՀԷԿ-երի ու երկրի ընդերքը չափից շատ օգտագործող արդյունաբերության դեմ:

Իմ ապագա ծրագրերի մեջ է մտնում նաեւ հաղորդումներ պատրաստելը Լոռու մասին եւ հրապարակելը ինչպես համացանցում, այնպես էլ հեռուստատեսությամբ: Ես դեռ ողջ Լոռին չեմ շրջել. օրինակ, Ստեփանավանի ու Տաշիրի շրջանները դեռ հասանելի չեն ինձ, այ հենց ամբողջ Լոռին սկսենք ինչպես հարկն է ներկայացնել, կմտածեմ հանրապետության մասշտաբով շրջայցի մասին: Իսկ էջի գլխավոր ձեռքբերումը այն եմ համարում, որ մարդիկ ապրելով մայրաքաղաքում ու Լոռուց շատ հեռու, նայում են լուսանկարներն ու որոշում անպայման այցելել: Մի առիթով էլի եմ ասել, որ ես լուսանկարիչ եմ դարձել, թրծվել ու դեռ թրծվում եմ հայրենաճանաչության ճանապարհին:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031