Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կարտոֆիլի արտահանումը կախված կլինի եվրոպացիների աչքերի՞ց

Օգոստոս 26,2014 21:09

Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շիրակի մարզում կարտոֆիլի ամենամեծ հողատարածքներ ունեցող համայնքի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Ըստ նրա, Հայաստանից կարտոֆիլի արտահանման համար ամենանպաստավոր շուկան Վրաստանն է, իսկ ՌԴ-ն անհուսալի է` կապված Վերին Լարսի ճանապարհի օրերով ու ամիսներով փակ լինելու հետ:

Մեր այն հարցին` իսկ եթե Եվրամիությանն ինտեգրվող Վրաստանը սկսի խստորեն առաջնորդվել եվրամիության օրենքներով. այնտեղ կիրառության մեջ մտնի եվրոն, վիզան դառնա շենգենյան, Մաքսային միություն մտող Հայաստանից ապրանքների արտահանման հարցը ինչպե՞ս կլուծվի, մեր զրուցակիցն ասաց. «Մենք կրկին անգամ տուփիկի մեջ կհայտնվենք, եթե այդ դեպքում մեր ղեկավարները ոչինչ չանեն, բայց, իհարկե, չեմ կարծում, որ այս ուղղությամբ ձեռքերը ծալեն ու նստեն, վերևներում շատ լավ գիտակցում են, որ գյուղերը դատարկվեցին գյուղացիներին արտահանման հարցում չօգնելու պատճառով: Եթե, իհարկե, ոչ մի բան չանեն, վրացիները կգնան ու կարտոֆիլ Թուրքիայից կգնեն խնդիրներ չստեղծելու նպատակով, մեկ էլ տեսար Եվրամիությունը իր հերթին էժան գնով ապրանք հասցրեց Վրաստան, ու այլևս Վրաստանին էլ ձեռնտու չեղավ Հայաստանից կարտոֆիլ արտահանելը: Մի խոսքով, մեր կարտոֆիլի արտահանումը կախված է նաև նրանից, թե եվրոպական աչքերը ինչպե՞ս մեզ կնայեն: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլուծվի այս խնդիրը: Բայց նորից եմ կրկնում, Վերին Լարսի անընդհատ փակ լինելու պատճառով Ռուսաստանը մեզ համար հուսալի շուկա չէ, այլընտրանքային ճանապարհ էլ չունենք: Նույնը պիտի ասել Իրանի մասին. Քաջարան-Մեղր, Գորիս-Ղափան ճանապարհը էնքան էլ բարեհաջող չէ, անցած տարի Իրանից գալիս ու մեզանից կարտոֆիլ էին տանում, հենց առաջին ձյունը եկավ, դադարեց գործարքը: Նախ այն պատճառով, որ մարդիկ սովորական մեքենաներով էին տանում, բեռնատարներ չէին ու այս դեպքում կարտոֆիլը ճանապարհի կեսին մնալով կսառեր, սառնարանով մեքենա էր պետք, իսկ դա թանկ հաճույք է»:

Ըստ մեր զրուցակցի, վրացիները հիմնականում Շիրակի մարզի կարտոֆիլն են արտահանում, քանի որ տարանցիկ ճանապարհները հարմարավետ են: Վրացիները թեև անցած տարի Թուրքիայից էին կարտոֆիլ արտահանում, հիմա մասսայաբար տանում են Հայաստանից`պատճառաբանելով, որ հայերի ցանած կարտոֆիլը համեղ է և վրացական շուկայում արագ է սպառվում, բացի այդ Թուրքիայում կարտոֆիլի բերքը նվազել է: Բացի կարտոֆիլից, ըստ մեր զրուցակցի, Հայաստանից Վրաստան նաև մրգեր` խաղող ու ծիրան է արտահանվում, միայն թե այս տարի գյուղացիները շատ են տուժել կարկտահարության պատճառով: Ի դեպ, այս սեզոնի առաջին կարտոֆիլը վրացիները երեկ տարել են դարձյալ Ազատան գյուղից, այն կազմել է 11 տոննա:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031