Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Ազատամարտիկները կա՛մ կլինեն քառյակի կողքին, կա՛մ էլ կփորձեն գտնել այլ ուժ»

Օգոստոս 26,2014 20:35

«Ազատամարտիկների դաշինքը կայացման փուլում է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր՝ օգոստոսի 26-ին, Արմավիրում տեղի ունեցած Ազատամարտիկների դաշինքի առաջին համագումարին, հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նա խոստովանեց, որ իրեն ոգեւորում է այն հանգամանքը, որ շատ հրամանատարներ եւ ազատամարտի մասնակիցներ իրենց վստահելով եկել եւ մասնակցել են համագումարին: Նա դժվարացավ ասել, թե դաշինքի հնարավորություններն ինչքան են՝ նշելով, որ դա հնարավոր կլինի ասել միայն երկրորդ հանդիպումից հետո.

«Արմավիր եկանք, տղաների հետ զրուցեցինք, տղաները ոգեւորված էին, բայց խնդիրը դրա մեջ չի կայանում, մեկ հանդիպումով, մեկ քայլով ոչ ոք չի կարող գնահատական տալ»:

Համագումարի ընթացքում Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժերը ժամանակ են տվել իշխանություններին եւ նրանք կա՛մ պետք է ուղղվեն, կա՛մ էլ թողնեն գնան:  Պարոն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ազատամարտիկները սպասումնե՞ր ունեն, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը իշխանությունը կկատարի ԱԺ ոչ իշխանական քառյակի 12 պահանջները: Նա պատասխանեց՝ բացարձակապես ոչ.

«Այդ ժամանակ քառյակը կորոշի պահո՞ւմ է իր պատկերը, թե՞ ոչնչանում է: Մեր ժողովուրդն էլ չի հավատա ոչ մեկին, այդ ժամանակ էլ, բնական է, մենք՝ Ազատամարտիկների դաշինքը, պարտավոր ենք կանգնել ժողովրդի կողքին եւ տանել այն ուղղությամբ, որը թույլ կտա իրավիճակը: Ես չեմ ասում՝ մենք կդառնանք ընդդիմադիր. Մենք ժողովրդի կողմից ենք, ընդդիմադիրս ո՞րն է: Ես հասկանում եմ մի բան, որ մեր հայրենիքը հիվանդ է, սարսափելի ծանր հիվանդ, մենք պետք է վիրահատենք մեր հայրենիքը»:

Նա մեզ հայտնեց, որ Ազատամարտիկների դաշինքն իր անելիքները կարող է իմանալ միայն սեպտեմբերի 30-ից հետո, երբ պարզ կլինեն ոչ իշխանական քառյակի հետագա քայլերը: Նա հայտարարեց, որ ժամկետն ավարտելուց հետո, տեսնելով քառյակի պահվածքը, ազատամարտիկները կա՛մ կլինեն նրա կողքին, կա՛մ էլ կփորձեն գտնել մի այնպիսի ուժ, որն իրապես ցանկանում է հայրենիքի վերքերը բուժել, սակայն նա այսօրվա դրությամբ այդպիսի ուժ չի տեսնում.

«Դա կլինի սեպտեմբերի վերջին, երբ մարդիկ կհայտնվեն: Կարող է եւ կան փոքրիկ կուսակցություններ, որոնց ձայնը որոշիչ չէ, իրավունք չունեմ ասել, որ այդպիսիք չկան, բայց որ պոտենցիալ ունի, հնարավորություն ունի անելու, ես դա չեմ տեսնում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031