Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գարիկ Դանիելյանի մեղադրական ճառի ընթերցումից հետո պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Վահան Հայրապետյանը:
Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով:
Դավիթ Վարդանյանը դեռեւս նախկինում կայացած դատական նիստերի ժամանակ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել եւ ինքնախոստովանական ցուցմունքի ժամանակ նշել, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռքբերել է իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում եւ ոչ թե` մաքսանենգության ճանապարհով: Գարիկ Դանիելյանն այսօր մեղադրականի ընթերցման ժամանակ հղում անելով վկաների ցուցմունքներին եւ մինչեւ օրս ձեռքբերված փաստերին, նշեց, որ ամբաստանյալի ներկայացրածը մտացածին է, իսկ բերած փաստարկները` անհիմն:
«Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` նշված հանցանքներն ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի` դասվում են ծանր հանցագործությունների շարքին: Միեւնույն ժամանակ պատիժ նշանակելիս հաշվի ենք առնում, որ ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել, աշխատանքի եւ բնակության վայրից տրված բնութագրերը դրական են գնահատվում, առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի մեղավոր է ճանաչել եւ այս ամենը հաշվի առնելով` միջնորդում եմ ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքը բռնագրավել եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ազատազրկում`հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը»,- նշեց Գարիկ Դանիելյանը:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի փաստաբան Վահան Հայրապետյանն էլ պաշտպանական ճառի ժամանակ հակադարձեց, որ Դավիթ Վարդանյանը թմրանյութը մաքսանենգ ճանապարհով չի ձեռքբերել, հակառակ դեպքում հենց Մեղրու մաքսակետում կհայտնաբերեին թմրանյութը եւ մաքսակետում զննման ժամանակ էլ կարձանագրեին:
«Փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ կուլ տված 7 գրամ հաշիշ տեսակի թմրանյութը պոկված է պաշտպանյալիս պայուսակում գտնված 99 գրամ հաշիշի կտորից: Հարց է ծագում, եթե 99 գրամ հաշիշը պետք է մաքսակետով անցկացնի, էլ ինչո՞ւ է 7 գրամը կուլ տալով անցկացնում: Այս ամենը խոսում է այն մասին, որ պաշտպանյալս հաշիշը մաքսակետով չի անցկացրել, այլ իրոք ձեռքբերել է Ագարակում անծանոթից: Հարց է ծագում` ի՞նչն է եղել պատճառը, որ քննիչն այդ կապակցությամբ որեւէ քննություն չի տարել: Պաշտպանյալս դատարանում հայտնեց, որ մեքենայի մեջից ոստիկաններին տեսնելով` ճանապարհին օգտագործման համար ռետինե մատնոցի մեջ պահված թմրանյութի գնդիկն արագ կուլ է տվել», – նշեց Դավիթ Վարդանյանի պաշտպանը եւ դատարանին միջնորդեց օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել` հաշվի առնելով Դավիթ Վարդանյանի երիտասարդ տարիքը, նախկինում դատապարտված չլինելու, 11 ամսվա անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում որեւէ խախտում թույլ չտալու հանգամանքները, իրեն մասնակի մեղավոր ճանաչելու փաստն ու աշխատանքի եւ բնակության վայրերում նրան տրվող դրական բնութագիրը:
«Միջնորդում եմ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել կամ բավարարվելով կրած պատժով` ազատ արձակել դատարանից կամ պատիժ նշանակել կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (պատիժը պայմանականորեն չկիրառելը) »,- հավելեց Վահան Հայրապետյանը:
Ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը ժամանակ խնդրեց իր վերջին խոսքը պատրաստելու համար, ուստի դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 4-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ