Մարզաշխարհն անհանգստացած է: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարկադիր աճուրդի է հանել «Միկա» մարզահամալիրը:
Դա որեւէ կերպ կազդի՞ հանրապետության լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկի հետագա գործունեության վրա, Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանից:
«Խաղադաշտն ու համալիրը եղել է «Միկա Լիմիթեդինը» եւ ֆուտբոլային ակումբի հետ կապ չունի: Մենք այնտեղից օգտվել ենք եւ շարունակելու ենք խաղալ պայմանագրային հիմունքներով: Այո, խաղադաշտը հանվել է աճուրդի, բայց ակումբը շարունակելու է բնականոն գործունեությունը եւ թիմը խաղալու է նույն խաղադաշտում», – ասաց պարոն Ղազարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագայում ակումբն էլ դադարի գործել, Կառլոս Ղազարյանը շտապեց երկրպագուներին ու ֆուտբոլասերներին հանգստացնել. «Ոչ: Նման բան չի լինի: Ակումբի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը շարունակում է իր անձնական միջոցներով ֆինանսավորել «Միկան», ակումբի բոլոր հոգսերը հոգում է, բոլոր ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարում: Խնդիրն այլ է. պետությունը պետք է օգնի ակումբներին, ինչպես այլ երկրներում է: Նայեք, Վրաստանը որոշել է ակումբներին ֆինանսական աջակցություն ցույց տալ: Նույնը մյուս երկրներում է: Մեզ մոտ է, որ պետությունը ոչ մի լումա չի տալիս»:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Միկա» մարզադաշտի աճուրդը մեկնարկել է երեկ՝ օգոստոսի 25-ին, և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։ Համալիրի մեկնարկային գինը 9 միլիարդ 45 միլիոն դրամ է։ Այս պահին գնման որևէ առաջարկ ներկայացված չէ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանը չորս անգամ պակաս թվաքանակով բանակ է պահում,սպառազինությունն էլ ԱՄՆ-ի իշխանություններն են նվիրում…