«Դեմ եմ` բոլոր պատմամշակութային շենքերի քանդելուն, շենքերը ոչ թե պետք է քանդվեն, այլ ապամոնտաժվեն, տեղափոխվեն: Աֆրիկյանների շենքը ոչ թե քանդվել է, այլ տեղափոխվել է: Համապատասխան մասնագետների հետ միասին ամբողջ քարերը գույքագրվել են ու տեղափոխվել այն վայրը, որտեղ անվտանգ կլինի, մինչեւ հին Երեւան ծրագիրն իրականացնեն»,- այսօր Կենտրոն վարչական շրջանում շրջայցի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա ասաց, որ համոզված է` մշակութային բոլոր այն շենքերը, որոնք ժամանակին ապամոնտաժվել ու դեռ չեն վերականգնվել, «Հին Երեւան» ծրագրի իրականացման ժամանակ կվերականգնվեն. «Բոլորիս հաջողությունը կլինի, որ այդ բոլոր կառույցներն ունենանք»:
Հարցին, թե փորձը ցույց է տալիս, որ քանդված շենքերը չեն վերականգնվում ու մասնագետներն էլ պնդում են, թե պահպանված քարերից հնարավոր էլ չէ նույնությամբ վերականգնել, ձեզ վատ չե՞ք զգում, որ ձեր քաղաքում հին շենքեր չեն մնում, ասաց. «Հին շենքեր ոչ թե չեն մնում, այլ հին շենքերի որոշ մասն ապամոնտաժվել են տեղափոխման համար: Պատմամշակութային շենքներն օրենքով էլ իրավունք չունեն քանդելու, բայց կառավարությունը հնարավորություն էր տվել իրացման գոտի ճանաչելուն պես տեղափոխման որոշում կայացնել, մենք որպես քաղաքային իշխանություն պետք է հետեւողական լինենք թե պահպանման թե հետագայում այդ կառույցների վերականգնման ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ