Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությանը կներկայացվի սարսափ ժանրի հայկական առաջին ֆիլմը

Օգոստոս 26,2014 19:00

Ռեալիթի սարսափ ժանրում նկարահանված «Մեռյալ հովիտ» ֆիլմը պատրաստ է և օգոստոսի 29-ից արդեն կցուցադրվի «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում:

Ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Մեռյալ հովիտը» հայկական առաջին ռեալիթի սարսափ ֆիլմն է և ինչ-որ տեղ նաև փորձնական բնույթ է կրում. «Կքննադատեն թե չեն քննադատի, երկրորդական է,- ասում է սցենարիստը,- մենք արել ենք մի բան, որից չենք ամաչում»:

2014-08-26-13.27

Ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղանն էլ ասում է, որ թեև ֆիլմում սարսափելի տեսարաններ շատ կան, բայց դրանք հակաէսթետիկ չեն և նողկանք չեն առաջացնում:

Լրացնելով ռեժիսորին՝ Հ. Ղուկասյանը նշեց, որ «Մեռյալ հովիտ»-ը դասական սարսափ ֆիլմ չէ. «Այնպես չէ, որ դիտելիս մարդը պիտի միայն վախենա ու վերջ: Այստեղ կա դրամա, միստիկա… Ես նույնիսկ կարծում եմ, որ մարդը կարող է ավելի շատ հուզվել, քան վախենալ»:

70 րոպե տևողությամբ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեկ գիշերվա ընթացքում:

Չորս երիտասարդներ որոշում են իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձը նշել Մեռյալ հովտում… Այն, ինչ տեղի է ունեցել այդ գիշեր երիտասարդների հետ, ծածկված է սարսափի ու մղձավանջի շղարշով…

«Դասական ֆիլմերում սովորաբար ներկայացնում են հերոսներին, մենք այդպես չենք անում, և ֆիլմը նաև դրանով է նորարարական, միանգամից սկսվում է, և այդ 70 րոպեների ընթացքում փորձում ենք ցույց տալ մարդկային հարաբերություններն ու մարդու փոխակերպումը ծայրահեղ իրավիճակներում»,- ասում է Հ. Ղուկասյանը:

Ֆիլմի դերասանական կազմը նույնպես նորություն կլինի դիտողի համար, քանի որ ընդգրկված են անփորձ դերասաններ, բացառությամբ Ելենա Բորիսենկոյի, որը չցանկացավ փակագծերը բացել իր դերի հետ կապված և միայն ասաց, որ որպես դերասանուհի ֆիլմում չի երևում:

Ինչ վերաբերում է սկսնակ դերասաններին, Ե. Բորիսենկոն տպավորված է նրանց խաղով և կարծում է, որ «Մեռյալ հովիտ»-ը կարող է շատ խոստումնալից սկիզբ լինել նրանց համար:

Իսկ թե ինչու են որոշել հենց ռեալիթի սարսափ ժանրի ֆիլմ նկարահանել, Ռ. Մուշեղյանը բացատրեց, որ հիմա մարդկանց ավելի շատ հետաքրքրում են իրական պատմությունները, մարդիկ ուզում են իրականությունը տեսնել, իսկ ամբողջ աշխարհում տարածված այս ժանրն այդ հնարավորությունը տալիս է:

Ինչ վերաբերում է ֆիլմի սաունդթրեքին, այն կատարում է «The Beautified Project» ռոք խումբը, որի հիմնադիր Անդրե Սիմոնյանն այսօր ասաց, որ վայրկյանների ընթացքում է ընդունել առաջարկը. «Ռոման Մուշեղյանն ինձ զանգահարեց և ասաց, որ ուզում է սարսափ ֆիլմ նկարահանել: Իսկ ես սարսափ ֆիլմեր շատ եմ սիրում և դեռ 14 տարեկանից եմ հավաքում դրանք: Ինձ շատ հետաքրքրեց, որովհետև Ռոմանն իր ֆիլմերում փորձում է անել այն, ինչ մենք մեր երաժշտությամբ ենք փորձում անել Հայաստանում՝ ինչ-որ նոր բան բերել շուկա:

Ես միշտ ցանկացել եմ Ռոմանի հետ աշխատել, և երբ ասաց, որ ուզում է տեսահոլովակ նկարահանել «dark cube» երգի հիման վրա, որը կդառնա ֆիլմի սաունդթրեքը, ես անմիջապես համաձայնեցի: Նկարեցինք շատ հետաքրքիր տեսահոլովակ հենց նույն անտառում, որտեղ նկարահանվել է ֆիլմը»,- մանրամասնեց երգիչը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031