Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, որը 33 տարվա դատավոր է, օգոստոսի 22-ին իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ թոշակի անցավ` հեռանալով դատարանի նախագահի պաշտոնից:
Մեր տեղեկություններով, նրան ծննդյան օրվա կապակցությամբ զանգահարել ու շնորհավորել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որը ևս 1996 թվականի դեկտեմբերի 10-ին դատապարտվել է այս գործով, դատարանը հաստատված է համարել նրան առաջադրված այն մեղադրանքը, թե վերջինս իմացել ու չի հայտնել պետական հանցագործության մասին: «Դրոյի» խմբի գործով դատավորը հենց Էդուարդ Մանուկյանն էր: Ի դեպ, նախկին ամբաստանյալի շնորհավորանքը հաճելիորեն զարմացրել էր դատավորին:
Կարդացեք նաև
Նկատի ունենալով, որ հայկական իրականության մեջ նման դեպքեր հազվադեպ են գրանցվում, որ նախկին ամբաստանյալը զանգահարի ու իրեն դատած դատավորի ծնունդը շնորհավորի, Aravot.am-ը Գեղամ Մանուկյանին խնդրեց պարզաբանել, թե ի՞նչը դրդեց իրեն այս քայլին` զուտ քաղաքավարությո՞ւնը, թե՞ դատավորի արժանիքներ ունենալը:
«Գիտեք, մի քիչ կարող է տարօրինակ հնչի, երբ որ դատվողի ու դատավորի հարաբերությունները այդպես կարող են լինել, բայց Էդիկ Մանուկյանի դեպքում կարող եմ ասել, որ Հայաստանում նա իրոք եզակի դատավորներից է: «Դրոյի» գործը շատ նուրբ հարց էր, որովհետև կար քաղաքական ահռելի տարր, իշխանության քաղաքական պատվեր և խիզախություն էր պետք, որ դատավորը այդ քաղաքական պատվերը չկատարեր: Նա քաղաքական պատվերը երբեք չկատարեց, երբեք այս մասին առիթ չէ եղել Մանուկյան Էդիկի հետ քննարկելու, բայց նա այն դատավորը եղավ, որը երկար ամիսներ, այսպես ասած, խորհրդակցական սենյակ մտավ, բայց, այնուամենայնիվ, հրապարակեց մի դատավճիռ, ես խոսում եմ միայն քաղաքական տարրի մասին, որը, իրոք, քիչ մարդ կարող էր Հայաստանում կայացնել: Այն քաղաքական մեղադրանքները, կեղծիքները, որ կային Դաշնակցության նկատմամբ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի նկատմամբ, քաղաքական տարրի կարևոր մասը Էդիկ Մանուկյանն ուղղակի հերքեց: Ամեն օր նույն մարդուն տեսնել դատարանում դահլիճում, անկախ այն բանից, թե դու ճաղերի հետևում ես, իսկ նա դատական նախագահությունում նստած…, բայց սկսած Էդիկ Մանուկյանի հումորից` նա միշտ լավ է տպավորություն է թողնում»:
Մեր այն հիշեցմանը, թե Արմեն Ռուստամյանը իր հարցազրույցներից մեկում պատմում է, որ «Դրոյի» գործով դատավարության ժամանակ եղել են պահեր, որ ընկերներով սկսել են երգել, ինչպե՞ս էր արձագանքում դատավորը: «Մի դեպք եղավ, երբ որ խիստ լարված իրավիճակ ստեղծվեց դատարանի դահլիճում, երբ աղմուկ բարձրացավ դատարանում ներկա ժողովրդի մոտ, նաև էդ ժամանակվա մեր պատգամավորներից մեկի և ոստիկանության միջև բախում սկսվեց, լիցքաթափվելու համար միանգամից Հրանտ Մարգարյանի առաջարկով, թեև շուտվանից մտածում էինք, երբ առիթ կլինի «Մեր հայրենիքը» կատարեցինք, Էդիկ Մանուկյանը զայրացած էր, բայց ինքն էլ անդրադարձավ, որ լիցքաթափման շատ լավ առիթ եղավ, անմիջապես ընդմիջում հայտարարեց, և ամբողջությամբ լիցքաթափվեց իրավիճակը»:
Ըստ մեր զրուցակցի, այս դատավարությունից տարիների անց մամուլում պատահաբար ընթերցել է, որ էդիկ Մանուկյանը Գյումրիում աշխատած տարիներին դատարանի դահլիճից ազատ էր արձակել տարեց մի մարդու, որը թեև երկու հոգու սպանել էր, բայց սպանել էր սեփական կնոջը բռնաբարողներից պաշտպանելու համար: «Վերհիշեցի Էդիկ Մանուկյանին, իմ առնչությունը նրա հետ ու վստահ էի, որ Էդիկ Մանուկյանը համարձակ քայլի գնացող ճիշտ դատավորներից մեկը կարող էր լինել»:
Մեր այն հարցին էլ` հիմա նմանատիպ համարձակ դատավորներ կա՞ն, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ ուզում մեղադրել որևէ մեկին, բայց շատ կան հիմա դեպքեր, երբ որ դատավորը տեղիք չտալով այս կամ այն ճնշումներին, խառնված է միջանկյալ որոշումներ կայացնելուն, եթե չասեմ ամբողջական արդար որոշումներ կայացնելուն»:
Գեղամ Մանուկյանը մեր հարցազրույցի վերջում մեկ անգամ ևս շեշտեց. «Անկախ այն բանից, որ էդիկ Մանուկյանը ինձ ևս ազատազրկման վճիռ է տվել՝ ես «Դրոյի» դատում հատկապես խոսում եմ քաղաքական տարրի մասին: Այնպես չէ, որ Էդիկ Մանուկյանը ինձ արդարացրել է, ես էլ ասում եմ՝ բռավո իրեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նախորդ օրը էս նյութի տակ քոմենտներ կային? ուր են?
Մի մեկնաբանություն էր, որի մեջ վիրավորանք կար, ուստի հեռացվեց: