Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդեվազի ՀՀԿ-ական գյուղապետը արտագաղթի համար մեղադրում է լրագրողներին ու բնապահպաններին. (Տեսանյութ)

Օգոստոս 26,2014 18:44

Այսօր «Էկոլուր» ակումբում, երբ Ամուլսարի հանքավայրի նախագծին ու Գնդեվազում երեկ տեղի ունեցած հանրային լսումների մասին մամուլի ասուլիս էր, ակումբ անսպասելի մտան մի խումբ գնդեվազցիներ` գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի ուղեկցությամբ:

Նրանք ասուլիսի մասնակիցներին լուռ լսեցին, իսկ երբ խոսք գնաց երեկվա հանրային լսումների մասին, եւ տեսանյութ ցուցադրվեց, ասուլիսին ներկա գնդեվազցիները վրդովվեցին: Բանն այն է, որ տեսանյութում մի խումբ բորբոքված գնդեվազցիներ էին խոսում եւ վիճում գյուղապետի հետ, դեմ արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը, քանի որ նրանց ծիրանի այգիները շահագործող ընկերության «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ցիանային ֆաբրիկայի եւ վարչական մասնաշենքերի կառուցմանն են զոհաբերվելու:

IMG_5903

Ասուլիսին ներկա գնդեվազցիները չեն վստահում բնապահպանների այն հայտարարություններին, որ հանքի եւ ֆաբրիկայի շահագործումից հետո երկարաժամկետ վնասներ է պատճառվելու շրջակա միջավայրին ու բնակչության առողջությանը:

 

Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանն ասաց, որ ինքն անգամ տեղյակ չէ, թե ինչ վնասներ է հասցնելու ցիանային ֆաբրիկան, պատճառաբանելով, որ ինքը մասնագետ չէ:

Հարցին թե, ի՞նչ նպատակով է գյուղապետը մեկնել ԱՄՆ` «Լիդիան ինթերնեյշնլի» հետ, գյուղապետն ասաց. «Եղել եմ ընդեղ, տեսել եմ թե ոնց են շահագործում հանքերը, կուզեմ մեզ մոտ էլ էդպես լինի»: Մեր հարցին` ինչո՞ւ է գյուղապետը վստահ, որ ընկերությունն իսկապես անվնաս է շահագործում հանքերը, եւ Հայաստանում էլ անվնաս կաշխատի, ինչու չի վստահում բնապահպաններին, որոնք պնդում են, թե Ամուլսարի հանքի շահագործումը անդառնալի վնասներ կհասցնի, գյուղապետը ոչինչ չասաց:

 

«Թողեք աշխատի հանքը, գյուղապետը պիտի կարողանա համայնքը զարգացնի, գյուղացիներին պահի: «Գեոթիմը» («Լիդիան ինթերնեյշնլը «Գեոթիմի» 100% բաժնետոմսերի սեփականատերն է Ն.Բ.) մանկապարտեզ է կառուցել, երեխա չկա գնացող, մարդ չի մնացել գյուղում, աշխատատեղ չկա»,-դժգոհեց գյուղապետը, եւ նորից պնդեց, որ հանքի շահագործումը աշխատատեղերի հարցը համայնքում կլուծի:

IMG_5907

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե ծիրանի քանի հեկտար այգի է տրամադրվելու շահագործող ընկերությանը, որքան աշխատավարձ կստանան գյուղացիները, քանի՞ գյուղացի կկարողանա աշխատել ընկերությունում, գյուղապետն ասաց. «Չգիտեմ, թե ինչքան աշխատավարձ կստանան, ֆաբրիկային կգնա 4.5 հեկտար այգի, 28 հեկտար էլ վարչական տարածների, ենթակառուցվածքների համար»: 28 հեկտար այգին մոտ 150 գյուղացիների հողատարծք է, իսկ գյուղի բնակչության թիվը 1000-ի էլ չի հասնում:

Ապա Aravot.am-ը գյուղապետից հետաքրքրվեց` արդյոք չի կարծում, որ գյուղը դատարկվելու, աշխատեղ չլինելու ու արտագաղթի համար մեղքի իր բաժինն ունի կառավարությունը: Մեր այս հարցը գյուղապետը  փորձեց շրջանցել, մի քանի անգամ կրկնեցինք մեր հարցը, գյուղապետն ի վերջո պատասխանեց, եւ արտագաղթի համար մեղադրեց մեզ` լրագրողներին, ու բնապահպաններին:

 

«Դուք հանրապետակա՞ն եք»,-Aravot.am-ի այս հարցին Գնդեվազի գյուղապետն  այսպես պատասխանեց` «Ես մինչեւ գյուղապետ դառնալն էլ եմ հանրապետական էղել, էդ ի՞նչ կապ ունի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031