Երևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ Սայաթ-Նովայի 6 և Չարենցի 4 շենքերի բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված: Նա նաև հավելել է, որ մայրաքաղաքում նախաձեռնվող յուրաքանչյուր աշխատանք միտված է Երևանի զարգացմանն ու երևանցիների միջավայրն առավել հարմարավետ դարձնելուն: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է բարեկարգված բակերում ու գնահատել կատարված աշխատանքները:
Պատասխանատուները զեկուցել են, որ բարեկարգման ծրագրի շրջանակում բակերում բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովվել են: Բակային տարածքները կահավորվել են ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով, ինչպես նաև ապահովվել են գիշերային լուսավորությամբ: Հարկ է նկատել, որ Սայաթ-Նովայի 6 շենքի բակում վերականգնվել ու բարեկարգվել է նաև լողավազանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան