Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ. Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան՝ իր նախկին տեղը

Օգոստոս 26,2014 17:34

Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը անշուշտ ողջունելի է, կարծում եմ, նրա գործունեությունը Ձեր օգնությամբ կնպաստի միջազգային արենայում Հայոց ցեղասպանության լայն ճանաչման գործընթացին, եթե իհարկե այս առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք, ոչ թե անտարբերության մատնեք եւ անհեթեթություն համարեք։

Հարգելի տիկնայք եւ պարոնայք, համոզված եմ, հիշում եք, որ անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր նորելուկ պետական այրերը անհեռատեսություն թույլ տվեցին եւ, առանց ժողովրդի ձայնը լսելու, Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի բնապատկերը զինանշանից կամացուկ դեն նետեցին։ Բիբլիական Արարատի բնապատկերի առկայությունը զինանշանում Ցեղասպանության լուռումունջ վկան էր, հայ ժողովրդի ոգեղեն կապը Արեւմտյան Հայաստանի հետ, որ տարիներ շարունակ գտնվելով Խորհրդային Հայաստանի զինանշանում, մեզ հիշեցնում էր անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում։

Նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո մեր պետական այրերը, առանց խղճի խայթի, Սահմանադրության մեջ որպես ծաղրանք սուտ ու սխալ նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ինչպես համոզվում ենք, տեսողական խաբկանք է, ստախոսություն, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպեսեւ Դուք, այնտեղ ինչպես անցյալում, չի կարող տեսնել ալեհեր Մասիսի բնապատկերը, ցավում եմ, որ սա նման է «Անունը կա, իսկ ինքը չկա» ասացվածքին։ Ստացվում է, որ մենք ազգովի ստիպված ինքներս մեզ ենք անամոթաբար խաբում եւ Ցեղասպանությունից խոսում։

Ճիշտ է, գործող զինանշանը եւս գալիս է մեր պատմության խորքերից, սակայն, ցավում եմ, որ տեսողական առումով ինչպես Խորհրդային Հայաստանի ժամանակ այն խաբված եւ շփոթված այլ ազգերին ոչինչ չի հուշում Օսմանյան կայսրության բարբարոս արարքների մասին։ Այսօր Թուրքիան լայնածավալ կերպով խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն որքան էլ խոչընդոտի, նրա ջանքերը ապարդյուն կլինեն, քանի որ հանրությունը ինչպես եւ իրենք հիշում են Բեռլինյան դատավարությունը, երբ Սողոմոն Թեհլերյանին դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից մեղադրյալը ազատ արձակվեց որպես մեղադրող։ Նրանք նաեւ տեղյակ են, որ համաշխարհային գրական ասպարեզում հարգված գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելը իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով առաջինը համայն մարդկությանը տեղեկացրեց Հայոց կոտորածի իրական պատմությունը։ Նույնիսկ Վիեննայում վեպը լույս տեսավ որպես գրպանի գիրք, իսկ չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը վեպի հիման վրա ստեղծեց օպերա։

Վերջապես եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, ապա նրանք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ թուրք հասարակությունը կդատապարտի իրենց կայսրության բարբարոս քաղաքական գլուխգործիչներին, քանի որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում են ագրեսիվ քաղաքական անհատներ, որոնց պատճառով, հայ ժողովրդի հսկայական հատվածը նահատակվեց բարբարոս քաղաքական գործիչների կամքով, ոչ թե թուրք հասարակության պահանջով։

Հարգելի հանձնաժողովի անդամներ, վերջապես ինչպես տեսնում եք այս ամենը բխում է հայ ժողովրդի շահերից, այնպես որ առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք, համարձակություն ունեցեք, հանրաքվե անցկացրեք, լսեք ժողովրդի ձայնը եւ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ուղղեք այդ չարաբաստիկ սխալը, Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան՝ իր նախկին տեղը։ Ճիշտ է, այս առաջարկությունը իրականացնելով Դուք ժողովրդին երջանկություն չեք պարգեւի, սակայն, ուրախություն կպարգեւեք։
Իսկ եթե առաջարկությունը անհեթեթություն համարեք եւ անտարբերության մատնեք, անխոսք Արեւմտյան Հայաստանն էլ ծովից-ծով Հայաստանի բախտին կարժանացնեք, ուստի, եթե չեք ուզում ազգանպաստ գործ անեք, այն, ինչ որպես ծաղրանք, սուտուսխալ նշված է Սահմանադրությունում, որ իբր «ՀՀ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», հանեք, դա Հայաստանին պատիվ չի բերում եւ Ցեղասպանությունից եկեք քիչ խոսենք։

Հույսով եւ հարգանքներով՝
Էֆրիկ Ավետիսյան-իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031