Հարկային ծառայությունից աշխատակիցներ են թաքցրել «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ-ն, «Վ.Ա.Ս. գրուպ» ընկերությունը, «ՎԻՎԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն: Այս մասին տեղեկացնում են հարկայինից: «Վահագն եւ Սամվել»-ը թաքցրել են 6 չգրանցված աշխատակից` պետությանը պատճառելով 900 հազար դրամի վնաս, «Վ.Ա.Ս. գրուպը»-ը` 5 աշխատող, ինչի հետեւանքով պետբյուջե չի գնացել 750 հազար դրամ,
«ՎԻՎԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը չի գրանցել 5 աշխատակցի` հարկերից խուսափելով 750 հազար դրամով: Ծառայության տեղեկություններով, օգոստոսի 10-20-ն ընկած տասնօրյակում 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 49 չգրանցված աշխատող, որոնց` պետությանը պատճառված վնասն, ընդհանուր առմամբ, կազմել է 5 մլն դրամ:
Չփաստաթղթավորված գործարքներ կատարելու համար էլ հարկային ծառայությունն առանձնացրել է «Աշտարակ ձու», «Մարտին սթար» եւ «Սիլ մաազա» ընկերություններին, որոնք, նույնպես, պետությանը միլիոնների վնաս են տվել:
Բյուջեի հետ փոխհարաբերությունները ճշտած մի քանի ընկերություն էլ, հարկայինի ստուգումներից հետո ստիպված են եղել 216.8 միլիոն լրացուցիչ հարկ վճարել պետբյուջե: Մասնավորապես` «Ինստիգեյթ» ՍՊԸ-ն 61.7 միլիոն դրամ էր թաքցրել,
«Ռեմզոն» ընկերությունը` 38.6 միլիոն դրամ, «Կոմսալ» ՍՊԸ-ն՝ 29.7 մլն դրամ, «ԳԱՎԱՌԻ ՃՇՇ» ընկերությունն էլ 24.6 միլիոն դրամ:
«ԿՐՊԱԿ» ընկերության մոտ իրականացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն, ինչի արդյունքում ընկերությանն առաջադրվել է 15 մլն դրամի տուգանք եւ պետք է վերականգնվի չվճարված 1.5 մլն դրամ պետական տուրքը:
21 հարկ վճարողների մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ եւ արձանագրվել է 4 միլիոն դրամի տուգանք:
Նշենք, որ ընդհանուր առմամբ՝ օգոստոսի երկրորդ տասնօրյակում հարկայինի կատարած ստուգումների արդյունքում 310 միլիոն դրամ լրացուցիչ գումար է մտել պետբյուջե:
Հիշեցնենք, որ 10 օրը մեկ ստուգումը հարկային ծառայությունը նախաձեռնում է ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանի` գործարարներին ինքնակամ հարկային դաշտ հրավիրելուց հետո: Այն տնտեսվարողները, որոնք կամավոր չէին վճարի հարկերը, հարկային ծառայությունը նրանց նկատմամբ ստուգումներ պետք է սկսեր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ