Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս) հրապարակավ հայտարարեց. թե Ադրբեջանին նախազգուշական հարձակումներով պետք է տեղը դնել ու մասնավորապես նշեց. «Մենք նյարդեր ունենք, այս լարվածությունը երկար ձգվել չի կարող, մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակում գործի, որ հետո մենք պատասխան տանք: Ժամանակն է եկել, որ մենք նախազգուշական հարվածներ հասցնենք Ադրբեջանին»:
Այնուհետև իր անհամաձայնությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության վարած այն քաղաքականությանը՝ համաձայն որի՝ կոչ են անում հակառակորդին թուլացնել լարվածությունը:
Aravot.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ նախարարությունում համամի՞տ են Կոմանդոսի այն հայտարարությանը, որ պետք է նախազգուշական հարձակումներ գործել Ադրբեջանի վրա, նա պատասխանեց. «Պաշտպանության նախարարը բազմիցս ասել է, եթե պետք լինի՝ մենք կհարձակվենք էլ, բայց երբ դրա կարիքը լինի»:
Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ Կոմանդոսի կարծիքը մեկնաբանել՝ նշելով, թե «Կոմանդոսը նախկին գեներալ է, ինչ ուզենա կասի: Դա նրա տեսակետն է»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Արկադի Տեր-Թադևոսյանը ՊՆ-ում հայտնե՞լ է իր դիրքորոշումը, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք Կոմանդոսի հետ ամսվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում ենք, քննարկումներ ունենում: Ինչպես պաշտպանության նախարարն է բազմիցս ասել, մենք ունենք և′ հարձակվողական, և′ պաշտպանվողական միջոցառումներ, որը երբ պետք եղավ, այն ժամանակ էլ կանենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ինչ է նշանակում ՛՛նախկին գեներալ է՛՛