Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Ադրբեջանին տեղը դնել է պետք»

Օգոստոս 26,2014 16:58

Օրեր առաջ մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «2011 թվականից սկսած բանակցային գործընթացում չունենք էական առաջխաղացում»:

Սոչիում երեք նախագահների հանդիպումից հետո ևս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների վերաբերյալ դրական կանխատեսումներ չեն հնչում: Մասնավորապես, մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ փորձ է արվում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մտցնել Եվրասիական օրակարգ:

Aravot.am-ը Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վտանգներ է պարունակում այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մտնի Եվրասիական օրակարգ: Նա պատասխանեց. «Իհարկե կա վտանգ, որ բանաձև կընդունեն կամ այլ բան: Եթե ուզում եք իմանալ, Մադրիդյան սկզբունքները ևս Հայաստանին ձեռնտու չեն: Ցանկացած սկզբունք, որը Ադրբեջանի հետ ենք ստորագրել, անգամ հրադադարի մասին պայմանագիրը, մեզ ձեռնտու չէ: Դրանք ունեն տեսական նշանակություն»:

ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ևս մեկ մտահոգություն հայտնեց. «Վերջին քսան տարիներին եղել են տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր, բայց երբեք չի եղել օրինակ՝ կրակային ականանետերից, այս անգամ եղավ: Սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, և վտանգը, իհարկե, մեծանում»:

Կոմանդոսն էլ է համամիտ, որ վտանգը մեծ է և այն դեռ կարող է ավելի մեծանալ, ուստի թշնամուն պետք է մեր ով լինելը ցույց տալ նախազգուշական հարվածներով:

Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց. «Ինչ որ այսօր կա, վաղը չպետք է կրկնվի: Ադրբեջանը վաղը կարող է հարձակումներն ավելի ուժեղացնել: Դրա համար եմ ասում, որ մենք մինչև Ադրբեջանին հարձակում չհասցնենք, ու իրենք մեր ուժը չհասկանան, իրենք շարունակելու են կրակել: Նրանք իրենց զինվորի վրա հույս չեն դնում, այլ տեխնիկայի»:

Մեր մյուս դիտարկմանը, թե Կրեմլին մոտ կանգնած որոշ աղբյուրներ նշում են, որ 2015-ին իրավիճակն ավելի է սրվելու, հնարավոր են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, Կոմանդոսն այսպես արձագանքեց. «Ինչպես ճաշը, այնպես էլ հիմա իրավիճակը եռում է: Այդ եռումը պետք է կանգնեցնել: Հիմա ոչ կռիվ է, ոչ խաղաղություն, ու խաղաղության մասին ենք մտածում, որ առանց կռիվ լինի: Ես չեմ ասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմենք, բայց սուս էլ չնստենք: Գիտե՞ք՝ Ադրբեջանում մեր մասին ինչ են խոսում. ասում են խեղճ են, սոված, ծարավ, գործ չունեն, բոլորը փախել են Հայաստանից, ոչ բանակ ունեն, ոչ լեզու, իբր Երևանն իրենցն է, հայերը եկվոր են: Ադրբեջանին տեղը դնել է պետք: Լավ կլինի, որ նրանցից մի քանի մարդ բերենք, դաստիարակենք, իրենց պես չսպանենք և ուղարկենք Ադրբեջան, որ ցույց տանք, թե հայերն ովքեր են»:

Մեր հարցին՝ տպավորությո՞ւն ստեղծվեց, որ ՀՀ ՊՆ-ից գոհ չէ, թե՞ իրոք դժգոհ չէ նրանց վարած քաղաքականությունից, պարոն Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Դու քո տեսակետն ես ասում, ես ի՞նչ իրավունք ունեմ նրանցից գոհ կամ դժգոհ լինել, ասել, թե սխալ բաներ եք անում: Բայց համաձայն չեմ, որ նստենք, սպասենք, թե երբ են մեզ կրակելու, մեր գլխին խփելու, որ մենք էլ պատասխան տանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031