«Հպարտությամբ եմ լցվում, որ այսօր նորից հավաքվել ենք»,- այսօր՝ օգոստոսի 26-ին, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության Արմավիր քաղաքում տեղի ունեցած համագումարի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը:
Մինչ համագումարի սկսվելը՝ մի խումբ ազատամարտիկներ ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Ռուստամ Գասպարյանն իր խոսքում նշեց, որ արդեն Արմավիր քաղաքում ունեն իրենց շտաբը եւ վաղվանից այն գործելու է. «Հավաքվում ենք մեր պատմությանը, մեր անցած ճանապարհին: Հավաքվել ենք, որ տեր կանգնենք այս եղածին, հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր երկրին»:
Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը հայտարարեց, թե համարում է, որ իրենց ձեռք բերված պետականությունը վտանգվում է, եւ հենց այդ պատճառով են այսօր հավաքվել.
«Երբեւէ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ կարող ենք մի վեհության հանդեպ անտարբեր լինել, ինչպես մենք ազգովի ենք անում: Մեր տեսակի անհրաժեշտությունը միշտ կա: Մենք սպարապետի պատգամը պահել ենք, տղե՛րք»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ կազմակերպությունը ստեղծվել է բացթողումները լրացնելու համար եւ միավորվել են այս գործով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու կազմակերպությունները, որպեսզի միավորեն ժողովրդին.
«Մինչեւ ամսվա վերջ քաղաքական ուժերի կողմից ժամանակ է տրված՝ իշխանությունները կա՛մ պետք է ուղղվեն, կա՛մ պետք է գնան, ոչ թե թողնեն գնան, այլ թալանածը թողեն ու գնան: Այս երկրում ոչ մեկ անպատասխան չի մնալու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ