«Եթե այնտեղ մարդիկ պառկած են, թող մնան, էլի»,- Aravot.am-ի հարցին՝ նպատակահարմա՞ր է, որ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը Ծիծեռնակաբերդից տեղափոխվի Կոմիտասի անվան Պանթեոն, այսպես պատասխանեց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս):
Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է դիմել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Իսկ Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզան Գորգիսյանը Aravot.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն էր հայտնել` պնդելով, որ նման հայտարարություններ անելուց առաջ՝ Հայրիկյանը նախ պետք է դիմեր Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամներին:
Գեներալ-մայորը չի ժխտում, որ հայերն իրենց «ադաթներն» ունեն, բայց նաև չի տեսնում տեղափոխման անհրաժեշտություն. «Այնտեղ մեր տղերքն են պառկած. մեր Միշան, Սամվելը: Դա ոչ թե այգի է, կամ մարզադաշտ, այլ դա այն վայրն է, որտեղ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1915 թվականի զոհերին: Իսկ նրանք այն մարդիկ են, որոնք թույլ չեն տվել, որ երկրորդ անգամ կրկնվի այդ եղեռնը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
պարոն Հայրիկյան մեկ-մեկ ընենց բաներ ես ասում, որ քեզ չի սազում: