Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը։ ԲՀԿ լրատվական ծառայությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ նիստում քննարկվել է յոթ հարց՝ ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության անելիքները, օրենսդրական նախաձեռնությունների օրակարգը, ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական, քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները:
Հաստատվել է նաեւ կուսակցության ներկայացուցիչների, ԲՀԿ պատգամավորների մարզային այցելությունների ժամանակացույցը: ԲՀԿ նախագահին կից խորհրդատվական խմբում քննարկվել է իշխանությունների կայացրած որոշումը՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը։ «Հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ»,- արձանագրվել է նիստում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ