Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան համալսարանի փոխնախագահ. «ՀՀ-ն, ԿԳՆ-ն մեզ գրեթե նույն կերպ են դիտարկում, ինչպես մնացած բուհերին»

Օգոստոս 26,2014 15:05

Աշոտ Ղազարյանը մեկնաբանում է ԿԳ նախարարի հայտարարությունը

Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ օրերս ասուլիսում արած այն հայտարարությունը, թե «ո՞վ է ասել՝ Ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում չի դիտարկվում, կամ ամերիկյան համալսարանը զուտ կրթական հաստատություն է»: Նախարարը այսպես էր պատասխանել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի՝ Հայաստանում բացվելու մասին լրագրողների հարցերին, որոնցում այն շեշտադրումներն էին, թե ՀՀ բյուջեի հաշվին ռուսական բուհի բացումը Կրեմլի պատվերն է ու Ռուսաստանին հաճոյանալու հերթական քայլը:

«Հայաստանի ամերիկյան համալսարանը կոչված է կրթություն ապահովելու, դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Եթե չլիներ միջպետական համագործակցություն, չէր ստեղծվի մեր համալսարանը»,-ասաց պարոն Ղազարյանը:

Նա նաեւ հավելեց, որ Ամերիկյան համալսարանն ունի պետպատվերի տեղեր, ինչպես մնացած բոլոր բուհերը .«Գրեթե համամասնորեն նույնն ենք ստանում՝ կախված մեր ուսանողների թվից: Հայաստանի Հանրապետությունը, կրթության եւ գիտության նախարարությունը մեզ գրեթե նույն կերպ են դիտարկում, ինչպես մնացած բուհերին: Մեզ մի ամբողջ շենք է տրամադրվել պետության կողմից՝ համալսարանի գործունեության համար»:

Արդյոք Ամերիկյան համալսարանի փոխնախագահը նախարար Աշոտյանի ասածի մեջ ենթատեքստ չի՞ տեսնում: «Ամերիկյան համալսարանը միջպետական համաձայնագրի արդյունք է, Ամերիկյան համալսարանն, անշուշտ նպաստում է նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, որովհետեւ ամերիկացի դասախոսներ էլ են գալիս այստեղ դասավանդելու: Բայց մենք զուտ կրթական գործունեություն ենք իրականացնում, որը դժվար կլիներ առանց պետության աջակցության: Ճիշտ է, ամբողջը պետությունը չի ֆինանսավորում, բայց մնացած բուհերն էլ ամբողջապես պետության կողմից չեն ֆինանսավորվում: Մենք ոչնչով չենք տարբերվում այլ բուհերից; Բոլորս կոչված ենք երկրի համընդհանուր զարգացումն ապահովելու նպատակով տարբեր մասնագետներ պատրաստելուն: Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծման հուշագիրը ստորագրված է Հայաստանի պետության, Կալիֆոռնիայի համալսարանի եւ Սփյուռքը ներկայացնող հզոր կառույց Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից: Կալիֆոռնիայի համալսարանը տրամադրել է կրթական համապատասխան նյութերը, Հայաստանի Հանրապետությունը՝ շենք, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ գումարներ, հետո՝ քիչ-քիչ այլ դոնորներ են ներգրավվել: Այս համատեքստում է ստեղծել համալսարանը, այսինքն` պետության մասնակցությունը այսօր էլ կա, նախարարն էլ մեր համալսարանի խորհրդի անդամ է»,-պատասխանեց Աշոտ Ղազարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031