Աշտարակ քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Մանվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 18-ին գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար ոմն Արթուրից ձեռք է բերել զգալի չափի` 4,79 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի եւ առանձնապես խոշոր չափի` 12,67 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցներ:
Նա դրանք Հայաստան տեղափոխելու դիտավորությամբ, թաքցնելով բաճկոնի ծոցագրպանում եւ սպորտային տաբատի պաստառի մեջ, հունիսի 19-ին Ստամբուլից ավտոբուսով ժամանելով «Բագրատաշեն» մաքսակետ, մաքսային հսկողությունից թաքցնելով, թմրամիջոցները տեղափոխել է Հայաստանի Հանրապետության տարածք, որտեղ դրանք հայտնաբերվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում:
«Դատալեքս» կայքից տեղեկանում ենք, որ Մ. Գալստյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի եւ սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը») եւ 268 հոդվածի 3-րդ մասով («Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»):
Առաջին հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, իսկ երկրորդը` 2-6 տարի ազատազրկում: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:՛
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ