«Մենք նյարդեր ունենք, այս լարվածությունը երկար ձգվել չի կարող, մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակում գործի, որ հետո մենք պատասխան տանք: Ժամանակն է եկել, որ մենք նախազգուշական հարվածներ հասցնենք Ադրբեջանին»,-այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը: (Կոմանդոս):
Հարցին՝ այս հայտարարությունից հետո մտավախություն չունի՞, որ միջազգային հանրությունը Հայաստանին ագրեսիայի հրահրման մեջ մեղադրի, գեներալ-մայորը պատասխանեց. «ԵԱՀԿ-ն առանձնապես չի խառնվում, իրենք չեն ստուգում՝ ով ինչքան կրակեց, նրանք հիմնականում ասում են, թող երկու երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն»: Կոմանդոսը պարզաբանեց, թե ինքը լայնամասշտաբ ռազմական, պատերազմական գործողություններ սկսելու կոչ չի անում, այլ կոնկրետ դիրքեր վերցնել:
Պարոն Տեր-Թադևոսյանը նշեց, որ ռազմական ոլորտում գոյություն ունեն իրենց օրենքները, և պետք չէ սպասել, որ Ադրբեջանը կրակի, հետո պատասխան գործողությունների դիմել:
Գեներալ-մայորը վրդովվեց. «Նստել ու սպասել, որ վաղը կրկին նման ռազմական գործողություններ լինեն, որ նորի՞ց կրակեն: Մեր նյարդերը տեղի են տալիս: Սա կոչվում է զսպանակի ազդեցություն, անընդհատ զսպում, զսպում ես, բայց պահ է գալիս, որ նյարդերը տեղի են տալիս»:
Կարդացեք նաև
Կոմանդոսը լարվածության աճ է կանխատեսում: Սոչիի հանդիպումը գեներալ-մայորը համարում է նախապես ծրագրված ու նշում. «Այնտեղ բոլորը խաղացողներ էին և իրենց դերերը խաղացին, ուստի հետագայում լարվածությունը կավելանա, Ադրբեջանը շարունակելու է մեզ պահել լարվածության մեջ, մեզ թելադրել, իսկ մենք չենք թելադրում»:
Կոմանդոսը համարում է, որ Ադրբեջանն արհեստական լարվածություն է ստեղծում: Նա համամիտ չէ ՀՀ Պաշտպանության նախարարության այն կոչերին, որոնցով նախարարությունը կոչ է անում լարվածությունը թուլացնել: Ընդհակառակը, Կոմանդոսը կարծում է, որ պետք է դրա փոխարեն «նախազգուշական հարվածներ հասցնել թշնամուն»:
Գեներալ մայորը կոչ է անում չապրել Լեոպոլդ կատվի պես և թույլ չտալ, որ մեզ հարվածեն, հետո մենք պատասխան տանք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ