Պարոն Դե Վալ, ըստ ձեզ ինչով է պայմանավորված ներկա լարված իրավիճակը Ղարաբաղում, ունի սա արդյոք որևէ կապ աշխարհում տիրող ներկա իրավիճակի հետ։
Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակը անհանգստացնող է, քանի որ ամառային ամիսների ընթացքում սահմանային գոտում գրանցվել են ավելի շատ զոհեր, քան ամբողջ 2013 թվականի ընթացքում։ Իսկ ներկա լարումը, ըստ իս, մասամբ կապված է նաև որոշ արտաքին նախապայմանների հետ․ իրավիճակն Ուկրաինայում շեղում է մեծ տերությունների ուշադրությունը, միևնույն ժամանակ Ադրբեջանում գնալով աճում է Մինսկի գործընթացի ոչ արդյունավետ ընթացքի շուրջ զայրույթը, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի միջեւ հարաբերությունների լարումը Մինսկի խմբի հետ համագործակցությունն ավելի է բարդացնում։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք մի քանի տագնապալի միջադեպերի, նույնիսկ Նախիջևանում, որտեղ մինչ օրս խաղաղ իրավիճակ էր տիրում: Կարծում եմ այստեղ լարվածություն սկսելու շահագրգռված կողմը Ադրբեջանն էր, քանի որ, որպես կանոն, պարտվող կողմն է հակված իրավիճակը լարելուն, միևնույն ժամանակ հայկական կողմի ծավալած գործողությունը հուլիսի 31-ին նույնպես հրահրեց զինադադարի խախտումը, այսպիսով` մեղքը երկու կողմերինն է։
Ըստ ձեզ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում բերե՞ց որևէ արդյունք։
Բնավ պարզ չեն հանդիպման մանրամասները, սակայն գիտենք, թե ինչի չի բերել Սոչիի հանդիպումը, հասկանալի է, որ չհնչեց նախագահների համատեղ հայտարարություն, ինչը լավ նախանշան չէ: Շատերը հուսով էին, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլիներ գալ զինադադարի վերահաստատման պաշտոնական համաձայնության, սակայն հնչեցին երկու կողմերի ընդհանուր հայտարարություններ, որոնք ժամանակավորապես մեղմեցին լարումը։ Փաստը, որ հանդիպման ընթացքում հնարավոր չի եղել գալ որևէ համաձայնության, որը ընդունելի լիներ կողմերի համար ցույց է տալիս, թե որքան խորն է այս խնդիրը և որքան բարդ դրա լուծումը։
Կարդացեք նաև
Ըստ ձեզ, կողմերը պատրա՞ստ են խաղաղության հաստատման: Եթե այո, ինչո՞ւ չեն կարողանում համաձայնության գալ։
Կարծում եմ կողմերը պատրաստ չեն խաղաղության կամ պատերազմի, Ադրբեջանը, որպես պարտվող կողմ ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետևանքները: Մյուս կողմից՝ կարծում եմ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու հանուն խաղաղության։ Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դերին, ի տարբերություն շատերի ես չեմ տեսնում ռուսական ռազմավարության լուջ փոփոխություն Կովկասում։ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա, խնդիր՝ որում ներգրավված են ռուսական արտաքին քաղաքականության բոլոր ռեսուրսները։ Կարծում եմ Պուտինը Սոչիի հանդիպման կազմակերպմամբ փորձեց աշխարհի առջև հանդես գալ որպես խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումն ավարտվեց և Պուտինը վերադարձավ իր օրակարգին։
Դուք նշեցիք, որ կողմերը պատրաստ չեն համաձայնության գալու: Ըստ ձեզ՝ խաղաղության հաստատման համար անհրաժե՞շտ է երրորդ կողմերի ավելի լուրջ ներգրավվումը։
Կարող ենք երկար վերլուծել, թե ինչո՞ւ կողմերը չեն գալիս համաձայնության, մոռանալով հակառակ հարցը, թե ինչո՞ւ կողմերը պետք է գան համաձայնության: Ոչ՛ Ադրբեջանի, ոչ՛ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների: Այսպիսով նախագահները փոխզիջումների գնալով կկորցնեն իրենց ժողովրդայնությունը, մեծ տերություններն էլ զբաղված են այլ խնդիրներով՝ Ուկրաինա, Մերձավոր Արևելք: Այսպիսով` չկա որևէ կողմ, ում համար խնդրի լուծումը առաջնահերթություն է: Միջազգային համայնքը պատրաստ է կայունության հաստատման ուղղությամբ ջանքեր ձեռնարկել, սակայն պատրաստ չէ անել ավելին։
Ինեսա ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում