«Հյուսիսային Իրաքի եզդիները նոր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած»,-այսօր «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ եզդիներին ուղարկվող մարդասիրական օգնությունն այդպես էլ տեղ չի հասնում ու շարունակեց. «Սինջար լեռան վրա պատսպարված եզդիները ցրված են լեռան տարածքով մեկ, և այդ է պատճառը, որ միջազգային հանրության` եզդիներին ուղարկվող մարդասիրական օգնությունն այդպես էլ տեղ չի հասնում»: Նա անթույլատրելի համարեց, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց` քսանմեկերորդ դարում, այժմ էլ ցեղասպանության են ենթարկվում եզդիները: Ու հավելեց. «Սա եղեռն է, որին եզդիները ենթարկվում են տարիներ շարունակ: Մինչդեռ իրաքաբնակ քրիստոնյաներն այդքան սարսափելի վիճակում չեն: Մահվան սուրը կախված է միայն եզդիների գլխին»: Հայաստանի երիտասարդ եզդիների միության ղեկավարը նկատեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բավական հարուստ է, գերտերությունների թողտվությամբ սև շուկայում նավթ է վաճառում, ինչի հաշվին էլ կարողանում է պատերազմ վարել.«Ես ավելի քան համոզված եմ, որ իսլամիստները զենք ստանում են Արևմուտքից:
Արևելագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Հյուսիսային Իրաքում կատարվող բարբարոս գործողությունները խիստ դատապարտելի են ու ասաց. «Ինչ վերաբերում է ահաբեկչական կառույցի ֆինանսավորմանը, ապա գումարներ նա ստանում է նավթի, գյուղատնտեսական ապրանքերի վաճառքից, առևանգումներից, Այդ կազմավորումը բավական լուրջ գործոնների է տիրապետում»,- ասաց նա` հավելելով, որ չի կարծում` իսլամիստներին զինում է ԱՄՆ: Նրա համոզմամբ` առավել հավանական է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը զինամթերք ձեռք է բերում: Անդրադառնալով անկախ Քրդստանի կազմավորման հարցին` Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այդ իրողությունը դեռ շատ հեռու է, սակայն մի օր` իրականանալի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ