Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» կպայքարի «հարուստների զավակների դեմ» (Տեսանյութ)

Օգոստոս 26,2014 12:58

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը մոտ 20 օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի օրենսդիր մարմնի դատին: Այսօր այդ մասին «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Ժառանգությունն» առաջարկելու է, մասնավորաբար, զինապարտության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարել. հանել պարտադիր զինվորական ծառայության նախագծից տարեկետում սահմանող դրույթը: Այս նախագիծը, հիշեցնենք, «թափառող» նախագիծ է, քանզի եղել է բոլոր գումարման խորհրդարաններում եւ տարբեր զարգացումներ են եղել դրա շուրջ: «Տարեկետումը շահագործվում է որոշ խավի զավակների համար` խուսափելու ծառայությունից: Ասպիրանտուրաներում 80 տոկոսը տղամարդիկ են սովորում, բայց հետագայում նրանցից 5-6 տոկոսն են գիտական աշխատանքով զբաղվում: Դրանք հարուստների զավակներն են»,- հիմնավորեց Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգությունն» առաջարկելու է նաեւ խորհրդարանական ընդդիմության մասին նախագիծը, ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարել`անցնելով խորհրդարանի աշխատանքի հին` եռօրյա ռեժիմին, հանձնաժողովների նիստերը տեսագրել եւ տեղադրել ԱԺ կայքում:

ԼՂՀ-ի անկախության ճանաչումը դարձյալ կլինի «Ժառանգության» օրակարգում: «Քաղաքական իրավիճակ է փոխվել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ կխորհրդակցեն քաղաքական ուժերի, ԼՂՀ ղեկավարության հետ, նախագիծը ներկայացնելու իբրեւ միասնական:

Ընդդիմությանը վերահսկողական լիազորություններ տալու առնչությամբ ՀՀԿ-ականները խոսում են այն մասին, որ ընդդիմադիրները առանց պատասխանատվության լիազորություններ է ուզում: Լրագրողներից մեկի հարցին`պատասխանատվության հարցը ընդդիմության մասին «Ժառանգության» նախագծով լուծվո՞ւմ է, թե`ոչ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Միշտ զարմացել եմ, որ քաղաքականության մասին խոսում են մարդիկ, ովքեր աքսիոմատիկ բաներն են ուզում վիճարկել: Նույնիսկ Մոլդովան, Վրաստանն, Ուկրաինան, Ղրղըզստանն ունեն օրենքով կարգավորված հարց այն մասին, որ ընդդիմությանը վերահսկիչ ֆունկցիաներ են տրվում: Էլ չեմ խոսում դասական պետությունների մասին: Եթե ընդդիմությունը վերցնում է ՎՊ-ն, դա ոչ թե նրանից է, որ ընդդիմության մարդիկ ավելի լավն են, այլ նրա համար, որ վեր հանի իշխանության թերությունները: Այդ մարդիկ, ընդհանրապես, թող ծանոթանան համաշխարհային քաղաքակրթությանն ու քաղաքականությանը»:

Այլ մանրամասները`  տեսանյութում

 

Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ սեպտեմբերի 15-20-ի հատվածում «Ժառանգություն» խմբակցությունը քաղաքական ֆորում կանցկացնի` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Քննարկմանը կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը: «Ժառանգությունում» մնում են այն տեսակետին, որ անհասկանալի է իշխանության կեցվածքը`այս խառը իրավիճակում առաջնահերթություն հռչակել սահմանադրական բարեփոխումները: Խմբակցությունում միտում են տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031