«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք առաջիկա քաղաքական աշնան հետ կապված. ձեր կարծիքով, այս աշունը կտարբերվի՞ նախորդներից։
-Չեմ կարծում, թե էական տարբերություն կլինի։ Ընդհանրապես աշունը թեժ ժամանակահատված է ցանկացած մեկի կյանքում. ամռանը մարդիկ հանգստանում են, հետո վերադառնում եւ նոր ավյունով, նոր եռանդով լծվում գործի։ Քաղաքական գործիչները նույնպես բացառություն չեն։
Կարդացեք նաև
Ընդդիմությունը բնականաբար պետք է փորձի իր սկսած նախաձեռնություններին նոր շունչ հաղորդել եւ սրտատրոփ սպասում է հերթական թեժ աշնանը։ Ասեմ, որ աշունը մեզ համար էլ բավական թեժ է լինելու՝ աշնանը անմիջապես հաջորդելու են 2015թ. բյուջեի քննարկումները, 2014թ. բյուջեի հաշվետվությունը, եւ կառավարության ծրագրով ամրագրված բոլոր հանձնառությունները, որոնց մասին խոսվել է ԱԺ ամբիոնից, պետք է երեւան տարին ամփոփելիս։
-Որո՞նք են լինելու ՀՀԿ խմբակցության հիմնական առաջնահերթությունները օրենսդրական մշակումների դաշտում։
-Հիմնական շեշտադրումները նախանշված են կառավարության ծրագրով՝ մրցակցության հավասար դաշտ, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում։ Այս ոլորտներում միշտ եղել են բացեր, եւ նոր իրավիճակում պետք է կարողանանք նաեւ օրենսդրական դաշտը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին՝ հարկային օրենսդրությունն ավելի հստակեցնել, թղթաբանության հետ կապված հարցերն այնպես կարգավորել, որ կարողանանք նվազագույնի հասցնել բյուրոկրատական քաշքշուկները։
Ունենք նաեւ խնդիր՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված՝ սպասում ենք կառավարության նախապատրաստած օրենսդրական փաթեթին, եւ բավական լուրջ անելիքներ ունենք նաեւ այս ոլորտում։ Այսինքն՝ բավական ծանրաբեռնված օրենսդրական աշխատանք է մեզ սպասում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում