Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե ավելի տեղին ու ընկալելի չի լինի, որ մի «ֆլեշ-մոբ» կազմակերպվի՝ ի սատարում որդեկորույս դարձած ծնողների. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 26,2014 12:06

Ա՛յ, հաղթանակից հետո (դե, հայտնի բան է՝ պարտությունը որբ է, մինչդեռ հաղթանակը բազում ծնողներ ունի) շատերը, այդ թվում՝ հասարակական գործիչներ, մտավորականներ, ելույթներ ունեցան, նաեւ առաջնագիծ այցելեցին, քաջալերանքի խոսքեր ասացին: Դա, իհարկե, նույնպես ողջունելի է: Բայց, կարծում ենք, բազմապատիկ առավել գնահատելի կլիներ, եթե մեր «աստղերը», մեր այսօրվա հայտնի մարդիկ՝ երգիչ լինեն թե դերասան, ֆուտբոլիստ թե աշխարհահռչակ երաժիշտ, իրենց խոսքը ասեն: Գործո՜վ:

Մի՞թե ավելի տեղին ու ընկալելի չի լինի, որ մի «ֆլեշ-մոբ» կամ, ասենք, բարեգործական ֆուտբոլային մրցախաղ, հայտնի երաժշտի, երգչի բարեգործական մենահամերգ կազմակերպվի՝ ի սատարում մեր հերոս տղաներին պահած-մեծացրած ու այդպիսին դաստիարակած եւ այսօր որդեկորույս դարձած ծնողների: Կամ հաջակցություն մեր վիրավորված զինվորների: Ու ոչ միայն զինվորականների:

Ինչո՞ւ նման մի բան չանել սահմանամերձ ու ավելի շատ սահմանապահ գյուղերի համար: Օրինակ, Այգեպարի մանկապարտեզի համար պաշտպանիչ պարիսպ կառուցելու հանգանակությունը տակավին շարունակվում է: Բազմաթիվ այլ նման խնդիրներ կան, ի վերջո: Թշնամու գնդակոծությունից տուժած հայրենակիցներ կան: Ինչո՞ւ նախ նրանց օգնության չշտապել:

Մենք մե՛ր ցավերին նախ պետք է տեր լինենք, մե՛ր իսկ խնդիրներին շաղկապված:

Ու մեր այդ խնդիրներին, մեր հայրենակիցների ցավը մեղմելուն նպատակաուղղված նման նախաձեռնությունները, հատկապես հայտնի, «աստղային» կերպարների մասնակցությամբ բարեգործական ակցիաները իսկապես բարի գործ ու մեծ օգնություն կլինեն: Բայց ավելի շատ հենց նման նախաձեռնությամբ հանդես եկողներին է դա պետք՝ բարոյական ու մարդկային, ազգային առումներով:

Ի վերջո, ո՞վ կամ որտե՞ղ կլինեինք մենք, եթե 18-20 տարեկան, դեռ մի կարգին կյանք չտեսած այդ տղաները իրենց կյանքի գնով ու սարի պես չպաշտպանեին մեր երկրի սահմանները: Մի պահ մտածեք այս մասին՝ գլուխներդ բարձին դնելուց առաջ: Ու առանց սառցաջրերի եւ այլ թիթիզությունների:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031