Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր էր արդյոք չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը

Օգոստոս 26,2014 13:30

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը
եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը

Արամ Աբրահամյան.- Հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացել է մեր էլեկտրաէներգիայի սակագինը: Հնարավո՞ր էր արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնել, այսինքն` հանձնաժողովը մերժեր Էլցանցի հայտը:

Վազգեն Սաֆարյան.– Հանձնաժողովում դիտարկվում էին 18 մլրդ դրամի վնասները, որոնք շահագործման ընթացքում էներգիա արտադրողները ունեցել են, եւ խնդիր էր դրվում, որ այդ վնասները պետք է փոխհատուցվեն: Այլ խնդիր է, թե ինչո՞ւ են այդ վնասներն առաջացել, կարելի՞ էր արդյոք կանխարգելել, որ այդպիսի վնասներ չառաջանային: Պատճառներից մեկն այն էր բերվում, որ ատոմակայանը 88 օր չի աշխատել, իսկ մեր ատոմակայանի էլեկտրաէներգիան 10 դրամի սահմաններում է, որը բավականին էժան է: Ընդհանուր առմամբ՝ մեր էլեկտրաէներգիաների արտադրությունները կազմել են մոտավորապես 8 մլրդ կվտ/ժ՝ 2012-ին, 7,7 մլրդ կվտ/ժամ եղել է 2013-ին, կարելի էր կանխարգելել տարիների ընթացքում, բայց դա չարվեց: Մենք բազմաթիվ անգամներ բաշխիչ ցանցերին ասում էինք կարգավորեք ձեր կորուստները. այն, որ 11,2 % կորուստներ ունեն՝ դա բավականին մեծ թիվ է, մեր ունեցած տվյալներով՝ հաղորդակցման գծերում կորուստները կարող են լինել 2-3%, ենթակայաններում` 3-4, մինչեւ 5 տոկոս: Բայց 11,2% կորուստները խոսում են այն մասին, որ համակարգը կարիք ունի լուրջ տեխնիկական ներդրումների, որովհետեւ մենք նաեւ ունենք փաստեր, որ գյուղական վայրերում բնակչությունը որակյալ էլեկտրաէներգիա՝ այսինքն 220 Վոլտին համարժեք էլեկտրաէներգիա, չի ստանում, թեեւ նա վճարում է 220 Վոլտին համարժեք 38 դրամ:

Ա.Ա.- Հիվանդությունը գալիս է, ինչ որ մի տեղ կուտակվում է, եւ հիմա արդեն ուրիշ որոշում հնարավոր չէր կայացնել:

Բաբկեն Պիպոյան.– Ցավոք սրտի` էլի դեպի բուժում չենք գնում, որովհետեւ ի վերջո, անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փաստեց, որ իրոք խնդիր ունենք կառավարման գործում. եւ կառավարիչներն ու Էլցանցերը եւս թերացել են: Տեսնում ենք, որ հիմա առանց կառավարչի փոփոխության գնում ենք թանկացման, իրականում հանձնաժողովի ձեռքն էր նաեւ լիարժեք արձանագրություն կազմելը, որ այսօրվա իրավիճակի մեղավորությունը կառավարչինն է: Ի վերջո, չի բացառվում, որ մի քանի տարի անց պարզվի, որ այսօրվա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կամ ընդհանուր էներգետիկ համակարգի այս քաոսային վիճակը նմանվելու է մազութի պատմությանը: Այս պահին հարցը միայն էլեկտրաէներգիայի թանկացումը չէր, այլ նաեւ այն, թե ինչպես այն իրականացվեց: Համաչափ բաշխվածության հարց էլ կա. ի վերջո, թվացյալ ինչ-որ անիմաստ քայլ՝ նպաստը բարձրացնել 1000 դրամով: Այսինքն իրականում հերթական անգամ «հացի սեղանի» ընկերական միջավայրի քննարկումների մակարդակի լուծումներ առաջարկվեցին, ավելին` վատ կանխատեսում եմ անում` մի քանի տարի անց հերթական քաոսի առաջ ենք կանգնելու:

Ա.Ա.– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ այն օրենքը, որով գործում է հանձնաժողովը, արդյո՞ք վերանայման կարիքը չունի:

Վ.Ս.- Կարծում եմ, նրա լիազորությունները մի փոքր պետք է ավելի ընդլայնվեն, չնայած նա լիցենզիաներ, արտոնագրեր տալու միջոցով կարող է համակարգը կանոնակարգել: Սակայն այդ մարմնին կարելի է տալ այնպիսի լիազորություններ, որ նա վերլուծություններ կատարի, ինչ որ ձեւով նրանց հուշի, թե ինչ քաղաքականություն պետք է տանեն, որտե՞ղ են տնտեսվարողները թերանում կամ ինչո՞ւ են կորուստներ ունենում: Երբ հերթական անգամ հայտ են ներկայացնում սակագինը բարձրացնելու, այդ ժամանակ են սկսում աշխատել, ուսումնասիրել եւ բերված հարցի շրջանակներում անդրադառնալ խնդրին: Բայց պետք է քննարկումը լինի մշտական, եւ նրանք պետք է համակարգված միասին աշխատեն, ես կարծում եմ, որ սա շատ արդյունավետ կլինի:

Քննարկումն ամբողջությամբ`

 

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ եւ Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ եւ Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ եւ Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

 

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031