Լրահոս
Օրվա լրահոսը

Նանկինում Հայաստանն ուժեղագույն երկրների ցուցակում է

Օգոստոս 26,2014 12:30

Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ավարտին մնում է երկու օր:

Այսօր պայքարի մեջ է ներգրավվելու աշտարակացատկորդ Լեւ Սարգսյանը, իսկ վաղը մեր երկրի մրցելույթները կեզրափակեն ազատ ոճային ըմբիշներ, 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանն ու 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:

Խաղերը դեռ շարունակվում են, բայց Հայաստանի պատանի օլիմպիականները Նանկինում արդեն արդարացրել են բոլոր սպասելիքները՝ թե՜ նվաճած մեդալների որակով, թե՜ քանակով գերազանցելով Սինգապուրի ցուցանիշները: Երեկվա դրությամբ մեր հանրապետության պատանի մարզիկները Հայաստանի թիմային հաշվարկին բերել էին երկու ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ՝ դրանով Հայաստանը դասելով աշխարհի ուժեղագույն մարզական երկրների շարքը:

Առաջին մեդալը նվաճեց հրաձիգ Հրաչյա Բաբայանը, որը օդամղիչ հրացանով 10 մետր մարզաձեւում շատերի համար անակնկալ դարձավ արծաթե մեդալակիր: Այնուհետեւ, ֆանտաստիկ մրցելույթներ ունեցան մեր ծանրորդները՝ բացելով ոսկե մեդալների հաշվարկը: Սկզբում 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը հավասարը չունեցավ երկաթախաղում՝ դառնալով պատանեկան օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնը, այնուհետեւ իր ուժի զորությամբ բոլորին զարմացրեց ծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Իր մոտեցումներն սկսելով այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին պայքարը, Սիմոնը պոկում եւ հրում վարժություններում հենց առաջին փորձից ապահովեց չեմպիոնի տիտղոսը, իսկ հրում վարժությունը եզրափակելով 221 կիլոգրամով՝ իր տարիքային խմբի աշխարհի հերթական ռեկորդը սահմանեց: Սիմոնն աշխարհի ու Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ պատանիների օլիմպիական ոսկին:

Հայաստանի օրհներգը Չինաստանում երրորդ անգամ հնչեցնելուն շատ մոտ էր հունահռոմեական ըմբիշ, 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը, որը երեկ որակավորման փուլում տոնելով ժամկետից շուտ երեք հաղթանակ, մտավ եզրափակիչ: Այստեղ էլ նա ռուսաստանցի մրցակցի հետ առաջին մրցափուլից հետո առջեւում էր, սակայն երկրորդում պասիվ գոտեմարտ վարելու համար պատժվեց չորեքթաթ դրությունով ու մրցակիցը ստեղծված առիթը ձեռքից բաց չթողեց: Արծաթե մեդալ, որը երկրորդը դարձավ Հայաստանի պատանիների օլիմպիական հավաքականի համար:

Բավականին լուրջ սպասելիքներ կային բռնցքամարտիկներից: 51 կգ քաշային, երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, որը «պարտավոր» էր բարձրանալ հաղթողի պատվանդանին, երկրորդ մենամարտում տանուլ տվեց չինացուն, որից հետո երրորդ տեղի համար պայքարում չկարողացավ հաղթահարել նաեւ այդ արգելքը՝ այս անգամ անմասն մնալով մեդալներից:

Բռնցքամարտի ազգային եւ Հայաստանի պատանիների օլիմպիական հավաքականի իր թիմակցի դիմաց «վրեժխնդիր» եղավ, 81 կգ քաշային, երիտասարների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որն այս անգամ էլ պայքարեց երրորդ մրցանակակրի տիտղոսի համար ու հաղթեց:

Հայաստանի մարզասերները դեռ նոր մեդալներ նվաճելու ակնկալիքներ ունեն: Մնում է սպասել եւս երկու օր:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031