Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկել է գազի բալոնի գումարը տալ, թե չէ կմորթեն

Օգոստոս 26,2014 11:15
iravunq

Արման Երիցյանն արգելանքի տակ էր 2012թ. դեկտեմբերի 15-ից:

Նրան նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքում տեղի ունեցած «դանակահարության» հետ կապված:

Արմանը երեք հազար դրամով լոլիկ վաճառող Սամվել Մեջլումյանին առաջարկել է գազի բալոն:

Լոլիկ վաճառողը համաձայնվել է գնել երկու հազար դրամով, հազար դրամը տվել է, խոստացել մյուս հազարն էլ տալ մի քանի ժամ հետո:

Գազի բալոնը Մեջլումյանը պահ է տվել հարեւան տաղավարում գտնվող Անուշ անունով մի տիկնոջ, ու երբ իր առեւտուրն անելուց հետո գնացել է վերցնելու՝ տիկինն ասել է, որ տերը բալոնը եկել, տարել է:

Այդ ժամանակ էլ, ըստ գործի նյութերի, նրանց է մոտեցել Արմանը, առաջարկել մի բաժակ օղի խմել իր հետ, նաեւ հայտնել, որ բալոնն իր մոտ է, անհանգստանալ պետք չի:
Լոլիկ վաճառողն ասել է, թե իր մոտ գումար չկա, իսկ Արմանն էլ ասել է, որ ոնց կարող է չլինի, երբ լոլիկի կիլոգրամը հազար դրամով ես վաճառում:

Արմանի առաջարկը օղի խմելու մնացել է ուժի մեջ, գնացել են Նարինեի տաղավար:
Երեքով, նրանց միացած Արսենի հետ օղի են խմել:

Թեժ պահին Մեջլումյանը առաջարկել է իրեն տալ գազի բալոնը, իսկ Արմանը մտել է նրա գրպանը, հանել գրպանից մանրադրամներ ու արեւածաղիկ, լցրել սեղանին:
Մեջլումյանի եւ Արմանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն:

Վիճաբանությունը Նարինեի տաղավարից տեղափոխվել է տաս մետր ներքեւ, որտեղ մութ է եղել, մարդիկ չեն եղել, եւ ըստ մեղադրանքի կողմի, Արմանը դանակով հարվածել է Մեջլումյանին, առաջարկել գազի բալոնի գումարը տալ, թե չէ կմորթեն: Մեջլումյանը դեմքին իջած հարվածից ընկել է ցած, Արման Երիցյանն ու նրա ընկերը հեռացել են:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Զախարյանի նախագահությամբ ընթացած դատական քննության ժամանակ տուժողն ասել է, որ Արմանի եւ իրեն անհայտ տղայի ձեռքին դանակ կամ զենք չի տեսել, իրեն հարվածել են բռունցքով:

Տուժողն ասել է, որ ինքը զբաղվում է շինարարությամբ, դեպքի օրը համագյուղացիներից մեկի խնդրանքով է զբաղվել լոլիկի վերավաճառմամբ:

Վաճառքի գումարը կազմել է ողջ օրվա համար քսան հազար դրամ, եւ որ իր մոտ գումար չի եղել, երբ հարվածից ուշքի է եկել, եւ մարդկանց խնդրել է մեքենայով հասցնեն տուն:
Ըստ տուժողի, Արմանն իրենից միայն գազի բալոնի գումարն է պահանջել, այլ սպառնալիքներ չեն եղել:

Դատաբժշկական եզրակացության համաձայն էլ, Ս.Մեջլումյանի մարմնական վնասվածքները ՝ հոնքի վերին շրջանի եւ քթի, հասցվել են բութ առարկայով՝ ձեռքով, եւ դրանք առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Դատարանը գնահատելով ապացույցները, հանգել էր նրան, որ ավազակային հարձակման հատկանիշներ չկան, անհրաժեշտ է, որ սպառնալիքը իրական լինի, այսինքն, տուժողը պետք է գիտակցի, որ սպառնալիքն անմիջապես կիրագործվի, իր կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն կգործադրվի. «Չի կարող տուժողի համար ավազակային հատկանիշ համարվել կարծեցյալ սպառնալիքը»:

Դատարանը անպարտ է ճանաչել Արման Երիցյանին եւ արդարացրել է:
Արմանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ ըստ դատավճռի պատճառաբանական մասի՝ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը վերացել է:
Aravot.am-ի տեղեկություններով դատախազը բողոք է բերել, սակայն ուշացումով:
Ի՞նչ քայլեր կանեն Արման Երիցյանի կողմը՝ (պաշտպան Ա.Ալիխանյան), քանի որ նա երկու տարի հանիրավի ազատությունից զրկված է եղել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031