Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ դո՞ւ, Սաքուլիկ

Օգոստոս 25,2014 22:09

Արդեն քանի օր է՝ մամուլում եւ սոցցանցերում քննարկվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին նույն բուհի պրոռեկտոր նշանակելու հարցը:

Օգոստոսի 25-ին կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով այս նշանակման վերաբերյալ լրագրողների հարցին, ասաց, որ նախարարությունը չի խառնվում բուհի կադրային հարցերին եւ  ինքնավարությանը: Ըստ ամենայնի, սա յուրատեսակ ուղերձ է, որ նշանակումը  պարտավոր է հիմնավորել բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ի վերջո, նա՛ է բուհի ղեկավարը եւ ամեն ինչի, այդ թվում՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը կայացած միջադեպի գլխավոր մեղավորներից մեկը, նաեւ Տարոն Մարգարյանի գիտական ղեկավարը: Նա՛ իրեն ռեկտորին ոչ  հարիր պահեց, նա՛ փակեց լրագրողներիս ճանապարհը, նա՛ խոստացավ մեզ թողնել դահլիճ ու բառացիորեն ճողոպրեց բուհի ուսխորհրդի նախագահի տեղակալ Սերգո Խառատյանին ու մեկ այլ երիտասարդի  թեւանցուկ արած, նա՛ այդպես էլ չսաստեց անսանձ ու հայհոյող ուսանողներին:

Ավելին, լրագրողներիս վիրավորածների հետ նույն ռեկտորը մի քանի օր անց քեֆ արեց, նկարներն էլ շրջանառվեցին Ֆեյսբուքում: Բայց քննադատությունների թիրախում անընդհատ միայն Սեւակ Խաչատրյանն է հայտնվում, որին բնավ պաշտպանելու ցանկություն չունեմ (վկան՝ այդ թեմայով բազմաթիվ հրապարակումներս ու հետեւողականությունս), քանի որ այդ օրը նաեւ իմ աշխատանքն են խոչընդոտել տնտեսագիտականի ուսանողները, որոնք ոչ այլ ինչ էին, քան  «վերեւի» հրահանգ կատարողներ:

Այդ երիտասարդների թվում էին նաեւ ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահի տեղակալ  Սերգո Խառատյանը եւ լրագրողներին հայհոյած Սարգիս Մուրադյանը՝ Սաքուլիկը:  Վերջինիս անունը նոր իմաստ է ձեռք բերել: Ցանկացած ոչ համարժեք պահվածք ունեցող, վատ վարքի տեր երիտասարդի Սաքուլիկ են անվանում: Եվ ամբողջ զավեշտն այն է, որ հաճախ Սեւակ Խաչատրյանին շփոթում են Սաքուլիկի հետ:

Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը պատահած տհաճ միջադեպից հետո մի երիտասարդ փաստաբան ազնիվ մղումներով, բայց ի սկզբանե անպտուղ, ստանձնեց լրագրողների շահերը դատարանում ներկայացնելու գործը, ես չմիացա գործընկերներիս, չուզեցի դատարան դիմել, համարելով դա անօգուտ զբաղմունք, ժամանակի վատնում  եւ նյարդերի քայքայում: Այդ մասին հայտարարեցի նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ու այլ ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում: Եվ չսխալվեցի…

Ինչպե՞ս կարող է այս երկրում  որեւէ հարց արդարացի լուծում ստանալ,  որեւէ մեկը պատժվել, երբ ծուռ հայելիների թագավորության են վերածել երկիրը: Ամենաթարմ օրինակներից է  այն, որ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գործակցության համար մեդալ է շնորհել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ազգական- թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանին: Ընդ որում, վերջինիս, ինչպես նաեւ Սուրիկ Խաչատրյանի  եւ նրա որդու անունները շրջանառվում են Բուդաղյան եղբայրների հետ կատարված ողբերգության համատեսքտում:

Կրկին դառնալով տնտեսագիտականի միջադեպին՝ ուզում եմ զարմանք  հայտնել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսում արած համեմատության առիթով. նա զուգահեռ տարավ, իր ձեւակերպմամբ,  ոստիկաններին հայհոյող ակտիվիստների եւ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը լուսաբանելուն խոչընդոտած երիտասարդների միջեւ: Ասաց, որ երիտասարդները լրագրողներից ներողություն են խնդրել, իսկ ակտիվիստները՝ ոստիկաններից՝ ոչ: Նույն տրամաբանությամբ լրագրողներին վաղը կարող են խոչընդոտել, ասենք, ԿԳ նախարարության երիտասարդ տղաները, թույլ չտալ, որ լուսաբանվի Արմեն Աշոտյանի ասուլիսը, հայհոյել ու հետո ներողությո՞ւն խնդրել:

Իմիջիայլոց՝ հայհոյանքի մասին. արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ի տարբերություն կուսակցական կրծքանշաններ կրող մյուս երիտասարդների ու անկրծքանշանավորների, Սեւակ Խաչատրյանը, ճիշտ է, փակել է մեր ճանապարը, ինչը անթույլատրելի է, անօրինական, բայց չի հայհոյել…

Ցավում եմ, որ մեր երկրում շարունակում են  երիտկուսակցականներին  փչացնել, նրանցից սաքուլիկներ են բուծում, որոնցից շատերը  կա՛մ զինվորական ծառայությունից կխուսափեն կուսակցական լծակների հաշվին կամ էլ, եթե բանակ գնան, հաստատ չեն կարողանալու իսկական հերոսների կողքին «լավ տղա» խաղալ, որովհետեւ բանակը «քուչա» չէ… Ասածս այն է, որ սաքուլիկնե՛րը չպետք է դառնան գլխավոր թեմա, այլ նրանց հովանավորողները: Միայն էդ ջահելներին «քլնգելով» ոչինչ չի փոխվի, քանի դեռ նրանց բուծողներն են անպատիժ: Ախր նրանք են բուն թեման ու հոտած ձկան գլուխը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուրան ՍիՆաՆյան says:

    Հետաքրքիր կլիներ իմանալ, թե այսպիսի կադրեր ունեցող համալսարանը աշխարհի տնտեսագիտական համալսարանների ցանկում ինչ՞ տեղ է գրավում։ Ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ այն վերջից առաջինն է։ Ինչ մեղք են այս համալսարանու սովորող ուսանողները։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031