Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանից ներկայացուցչություն է մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։
Շեշտելով այս պահը՝ Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ յոթ տարի առաջ Աբդուլա Գյուլի ընտրվելը Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նամակների փոխանակելու առիթ էր դարձել, իսկ հիմա, երբ Թուրքիան պաշտոնապես հրավեր է ուղարկել, ուրեմն, ակամա, ինչ-որ շարժառիթի ակնկալիք կա։
«Այստեղ մի սիմվոլիկ դրական ազդանշանների նշույլներ կան երկու երկրների միջև, և պատմության մեջ առաջին անգամ, որ Թուրքիայի նախագահի պաշտոնակալման արարողությանը Հայաստանի կողմից պատվիրակություն պիտի մասնակցի. աննախընթաց հանգամանք կա այստեղ», – ասաց Գոչունյանը։
Նա ավելացրեց, որ, բնականաբար, չափից ավելի լավատեսությամբ պետք չէ ընկալել այս ամենը, բայց ամեն դեպքում. – «Պետք է ասել, որ նոր շրջան է սկսում, նոր պաշտոնավարության ժամանակահատված է բացվում և, այս իմաստով նաև, նորից ասենք, Հայաստանի և Թուրքիայի մոտ մի քիչ զգալի է քաղաքական կամքը՝ առկա փակուղին հաղթահարելու իմաստով»:
Կարդացեք նաև
Հարցին, թե 2015 թվականի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կգա Հայաստան, Արա Գոչունյանը պատասխանեց. – «Մի փոքր պետք է համբերել. այս պահի դրությամբ դժվար թե հանրապետության նախագահն անձամբ գնա Ծիծեռնակաբերդ հաջորդ տարի, դա, եթե լինի, դա Թուրքիայի պետականության դիրքորոշումը Հայկական հարցի կապակցությամբ դա կնշանակե, որ հիմնովին փոփոխության կարող է ենթարկվել, բայց համենայն դեպս, եթե նույնիսկ այդքան հեռու չգնանք, էդ ծրագրերով պայմանավորված, կարող է ներկայացուցիչ լինի, տարբեր մակարդակի պատվիրակություն լինի, բայց այնտեղ բեկումնային բան է, մոտիկացնելու իմաստով, կարելի է կարևոր տեղաշարժ ակնկալել»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում