Գարիկ Բադիրյանն ապրում է Գորիսի ծայրամասային` Այգեստան թաղամասում: Ուշ երեկո էր: Գարիկը մեքենայով տուն գալուց հանդիպում է 2 գայլի: Գայլերից մեկն արագորեն կողմնորոշվում է և փախչում: Մյուսը ընկնում է մեքենայի տակ:
Առաջին անգամը չէ, որ գայլերը և նաև շնագայլերը հայտնվում են թաղամասում: Գազանների համար ասես թաղամասը դարձել է ջրի ճանապարհ: Բարեբախտաբար, մինչև հիմա գայլերին չի հաջողվել վնասել թե մարդկանց, թե անասուններին:
Կարդացեք նաև
Բայց, ինչպես ասում են, գետը միշտ գաթա չի բերում: Թաղամասի բնակիչները, հատկապես երեխաները, ապահովագրված չեն գազանների հարձակումներից: Եվ այստեղ մարդիկ բողոքում են ոչ թե զենք չունենալուց, որ պաշտպանվեն գազանների հարձակումներից , այլ, որ թաղամասը զրկված է գիշերային լուսավորությունից:
Ժամանակին թաղամասը գիշերայի ժամերին լուսավորվում էր: Եվ նրանք կարողանում էին գիշերները նկատել գել ու գազանին ու ձեռնարկել համապատասխան քայլեր: Հիմա, երբ թաղամասը խավարի մեջ է, նրանք ուշ ժամերին ոտքով երբեք տնից դուրս չեն գալիս: Տիկին Ռիման ասում է. «Թող թաղամասը լուսավորեն, էներգիայի փողը ես կվճարեմ»:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ