Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Օգոստոս 25,2014 18:27

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Շահումյանի շրջանում եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին եւ ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը:

Առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարները:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի եւ համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություններն արդյունավետորեն կասեցվել են` նրան պատճառելով մեծ կորուստներ: Նախագահի բնութագրմամբ` մեր պատասխան գործողությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին եւ հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունն արտաքին վտանգի դեմ եւ նրանց պատրաստակամությունը պաշտպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին, Արցախի ազատամարտիկներին, համապատասխան կառույցների ստորաբաժանումների ծառայողներին, մեր ժողովրդին եւ իշխանություններին՝ ցանկացած ոտնձգություն համախմբված եւ արդյունավետորեն կասեցնելու ունակությունների ու կարողությունների համար` այն համարելով պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորում:

Խոսելով դրականի մասին` Նախագահը միեւնույն ժամանակ նշել է, որ մենք ի վիճակի ենք տեսնել նաեւ թերություններն ու թույլ կողմերը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց շտկման ուղղությամբ, համոզմունք հայտնելով, որ եւ զինված ուժերի հրամանատարությունը, եւ համապատասխան ուժային կառույցների ղեկավարները մասնագիտորեն կուսումնասիրեն եւ կքննարկեն այս հարցերը:

Երկրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փոխվարչապետ, ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նախատեսված բոլոր միջոցառումների կազմակերպված եւ բարձր մակարդակով անցկացումը:

Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031