ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը ճիշտ որոշում է համարում:
«Հայաստանի նախագահը ճիշտ է դիրքորոշվել, որ ոչ թե ինքն է գնում, այլ արտգործնախարարին է ուղարկում, որովհետեւ այդքան ջերմություն եւ ընդհանրապես որեւէ ջերմություն գոյություն չունի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հետևաբար` բարձրագույն մակարդակով ներկայանալը սխալ կլիներ, ջուրը չտեսած բոբիկանալու տպավորություն կթողներ»,- ասաց պարոն Ավետիքյանը:
Նրա խոսքով, իսկ Հայաստանից ընդհանրապես ներկայացուցիչ չուղարկելը սխալ կլիներ. «Ճիշտ է ներկայացուցիչ ուղարկելը որպես, եւ այդ ներկայացուցիչը պետք է լիներ արտգործնախարարը»:
Մեր հարցին, Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը կպարտավորեցնի՞ Թուրքիայի նախագահին ընդունել Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան գալու հրավերը, պարոն Ավետիքյանն ասաց. «Մինչեւ ապրիլի 24-ը դեռ շատ ժամանակ կա, ու դեռ չգիտենք` ինչպիսի ջրեր կհոսեն: Ինձ թվում է` շատ վաղ է ասել, որ մեր արտգործնախարարը կարող է այնտեղ տեղեկանալ Թուրքիայի նախագահի` Հայաստան այցի մասին, նրան որեւէ հստակ պատասխան դժվար թե տան: Շատ-շատ ինքը ցանկության արտահայտություն կլսի, կասեն, թե հնարավորության պարագայում կգան: Բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը, մանավանդ Էրդողանի նոր կառավարությունը, դժվար թե այդ հարցը քննարկած լինի ու համապատասխան որոշում կայացրած լինի»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Կարդացեք նաև
Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ