Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԹ երիտասարդները Եռաբլուրում երդվեցին հավատարիմ մնալ Հայրենիքին ու Հայ Եկեղեցուն

Օգոստոս 25,2014 17:42

Օգոստոսի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ և ՀՀ ՊՆ-ի հետ Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայոց Մեծ Եղեռնի 100- ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում կազմակերպել էին միջոցառում: Իրենց մասնակցությունն էին բերել թեմի քահանայից դասը, ՀՀ պաշտպանության նախարարության սպայական կազմը՝ գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանի գլխավորությամբ, թեմի համայնքների անդամները:

Թեմի քահանաների առաջնորդությամբ երիտասարդները Եռաբլուր պանթեոնում հանգչող՝ ավելի քան 800 հայորդիների շիրիմներին ծաղիկներ դրեցին, ապա հանդես եկան հայդուկներին, Հայոց Մեծ Եղեռնի վրիժառուներին ու Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված ֆլեշմոբով:

DSC07356 DSC07351 DSC07368
Երիտասարդները հայդուկներին խորհրդանշող կերպարների օգնությամբ և «Հայ Ֆիդայիներ» երգի ներքո (ՀՀ ՊՆ զինվորական նվագախմբի և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանի կատարմամբ) հավաքեցին Մեծ Հայքի քարտեզը, որը թուրք պարագլուխները փորձեցին ոչնչացնել՝ քարտեզի վրա սև քող գցելով: Սև կտավի վրա կարմիր տառերով գրված էր. «Չկա հայ, չկա հայկական հարց»: Հավաքվածների միջից անսպասելի դուրս եկան Նեմեսիս գործողության մասնակիցների կերպարները և կրակոցների ձայների ներքո ծնկի բերեցին թուրքերին, թուրքական դրոշով ծածկեցին՝ խորհրդանշելով նրանց մահը: Հետո սև քողը բարձրացրին քարտեզի վրայից: Հայոց կանոնավոր բանակի զինվորի հրամանով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները շարք կանգնեցին ու Ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու, քահանայից դասի, Մեծ Հայքի քարտեզի և հայ ազատամարտիկների շիրիմների առջև երդվեցին Հայրենիքի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանը լինել և մեր հերոսների գործի շարունակողը դառնալ:
Միջոցառման ավարտին ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը պահպանիչ աղոթք կարդաց ու խաղաղությամբ արձակեց հավաքվածներին:

Սա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրի չորրորդ միջոցառումն էր: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ երիտասարդներն ամեն ամսի 24-ին կազմակերպում են միջոցառումներ: Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031